ՀԲ-ն զրոյականի է փոխել Հայաստանի տնտեսության աճի 2016թ. կանխատեսումը

09.12.2016, 15:10
Համաշխարհային բանկը զրոյականի է փոխել Հայաստանի տնտեսության աճի 2016թ. կանխատեսումը, ուրբաթ լրագրողներին ասաց Հայաստանում Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ, ծրագրի համաղեկավար Գոհար Գյուլումյանը:
ՀԲ-ն զրոյականի է փոխել Հայաստանի տնտեսության աճի 2016թ. կանխատեսումը

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Համաշխարհային բանկը զրոյականի է փոխել Հայաստանի տնտեսության աճի 2016թ. կանխատեսումը, ուրբաթ լրագրողներին ասաց Հայաստանում Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ, ծրագրի համաղեկավար Գոհար Գյուլումյանը:

Իր նախորդ կանխատեսման մեջ Համաշխարհային բանկն ակնկալում էր, որ 2016 թ.-ին Հայաստանի տնտեսության աճը կկազմի 1,9 տոկոս:

Գյուլումյանը հիասթափեցնող անվանեց Հայաստանի տնտեսության զարգացումը վերջին ամիսներին` սկսած հուլիսից, քանի որ առաջին եռամսյակում գրանցված 4,5 տոկոսանոց աճից հետո տնտեսությունը սկսեց անկում ապրել, և հուլիսից հոկտեմբեր նկատվում է տնտեսական ակտիվության ամենամսյա նվազում:

Նրա խոսքով, պաշտոնական տվյալների համաձայն, երրորդ եռամսյակում տնտեսական անկումը կազմել է 2,8 տոկոս` 2015 թ.-ի համարժեք ժամանակահատվածի համեմատ:

«Այդ ցուցանիշներին համապատասխան` մենք նաև վերանայում ենք մեր կանխատեսումները: Եթե դեռ հոկտեմբերին Հայաստանում տնտեսության աճի տարեվերջի մեր սպասումները դրական էին` 2,4 տոկոս 2016թ.-ին, 2,8 տոկոս` 2017 թ.-ին, իսկ միջնաժամկետ կանխատեսումներինը` մինչև 3 տոկոս, ապա այժմ հունվար-հոկտեմբեր ցուցանիշների հիման վրա, երբ տնտեսության ակտիվության ցուցանիշը կազմեց ընդամենը 0,4 տոկոս, մենք նույնպես վերանայեցինք կանխատեսումները, որոնց համաձայն Հայաստանում տարեվերջին դրական տնտեսական աճ չի կանխատեսվում և որը 2016 թ.-ին լավագույն դեպքում կհասնի զրոյական ցուցանիշի», - ասաց Գյուլումյանը:

Ընդ որում, նա նշեց, որ հետազոտությունների տվյալների արդյունքների հիման վրա ՀԲ-ն կարծում է, որ 2017 թ.-ի կանխատեսումները չեն գերազանցի 2 տոկոսը, իսկ միջնաժամկետ հեռանկարում կլինեն 2-2,5 տոկոսի միջակայքում: -0-