Հայաստանի դպրոցականներին ֆինանսական կրթություն կմատուցեն

12.09.2017, 10:26
2014 թվականին ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել Հայաստանում ֆինանսական կրթման ազգային ռազմավարությունը:
Հայաստանի դպրոցականներին ֆինանսական կրթություն կմատուցեն
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. 2014 թվականին ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել Հայաստանում ֆինանսական կրթման ազգային ռազմավարությունը, որը մշակվել է պետական, մասնավոր և հասարակական ոլորտի ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովի ջանքերով: Այս ռազմավարության ամենակարևոր բաղադրիչներից է դպրոցներում ֆինանսական կրթության ներդրումը, որի նպատակն է սովորողներին զինել գիտելիքով, հմտություններով և վստահությամբ՝ գիտակցված և պատասխանատու ֆինանսական որոշումներ կայացնելու համար։ Արդյունքում, նրանք ուսումն ավարտելուց հետո կկարողանան ինքնուրույն և արդյունավետ կառավարել անձնական ֆինանսները:

ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՀՀ կենտրոնական բանկի, Կրթության ազգային ինստիտուտի, Գերմանական խնայբանկերի միության համագործակցության արդյունքում մշակվել են ֆինանսական կրթության չափորոշիչները, որոնց հիման վրա աշակերտները հնարավորություն կունենան ուսումնասիրել ֆինանսական կրթության տարրերը դպրոցական առարկաներում ինտեգրման եղանակով:

Փորձնական ծրագիրը մեկնարկել է սեպտեմբերին` 13 դպրոցներում, և տևելու է մեկ ուսումնական տարի: Այն մասին, թե ինչպես է անցկացվելու աշակերտների ուսուցումը, որ դպրոցներում և ինչպես է գնահատվելու ծրագրի արդյունավետությունը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում պատմել է ՀՀ ԿԲ ֆինանսական կրթության մասնագետ և ծրագրի համակարգող Արթուր Փոքրիկյանը:

«Նովոստի-Արմենիա». Հատկապես ի՞նչ է նախատեսվում սովորեցնել դպրոցականներին այս ծրագրի շրջանակում։

Ա. Փոքրիկյան. Ֆինանսական կրթման ազգային ռազմավարությամբ նախատեսված են ֆինանսական կրթության հիմնական թեմատիկ ուղղություններ, որոնց հիման վրա ոլորտի փորձագետներից ձևավորված աշխատանքային խմբերը, ըստ տարիքային խմբերի, առանձնացրել են այն գիտելիքը, հմտությունները և վերաբերմունքը, որոնք անհրաժեշտ են սովորողներին:
Ընդհանուր առմամբ` ֆինանսական կրթությունը ներառում է յոթ թեմատիկ ոլորտ.

1. Ընդհանուր տնտեսական հասկացություններ,

2. Անձնական բյուջեի կառավարում,

3. Խնայողություններ և երկարաժամկետ պլանավորում,

4. Պարտքերի կառավարում,

5. Ֆինանսական ծառայությունների արդյունավետ ընտրություն,

6. Անձնական շահերի և իրավունքների պաշտպանություն,

7. Ֆինանսական խարդախությունների և զեղծարարությունների կանխարգելում և պաշտպանություն։

Այս թեմաներից յուրաքանչյուրն արտացոլված է մշակված առարկայական չափորոշիչներում՝ ըստ տարիքային խմբերի՝ պարզից բարդ սկզբունքով:

«Նովոստի-Արմենիա». Ո՞ր դասարաններում կներդրվեն ֆինանսական գրագիտության բաղադրիչները։

Ա.Փոքրիկյան. Ծրագիրը կներդրվի գրեթե բոլոր դասարաններում` երկրորդից մինչև տասնմեկ։ Ըստ կրթական մակարդակների ֆինանսական կրթության տարրերը ինտեգրված կլինեն «Ես և շրջակա աշխարհը», «Մաթեմատիկա», «Հասարակագիտություն» և «Հանրահաշիվ» առարկաներում: Բոլոր թեմաները բաժանված են ըստ տարիքային խմբերի և համապատասխան որակները սովորողների մեջ ձևավորվելու են տարեց տարի՝ սկսելով ամենապարզ հասկացություններից և ավարտելով տարբեր իրավիճակներում ֆինանսական որոշումների կայացմամբ: Այսպես, օրինակ, տարրական դպրոցում սովորողները կիմանան, թե ինչու է կարևոր խնայողությունը առհասարակ, ինչ պետք է անել խնայելու համար, հետագայում պատկերացում կկազմեն խնայողությունները կառավարելու և ներդնելու հիմնական գործիքներին, իսկ արդեն ավագ դպրոցում կուսումնասիրեն ներդրումներ կատարելու վերաբերյալ ավելի խորացված գիտելիք և հմտություններ: Արդյունքում դպրոցի շրջանավարտները կունենան անհրաժեշտ գիտելիք, հմտություններ և վերաբերմունք իրենց խնայողությունները արդյունավետ տնօրինելու համար:

Հաշվի առնելով այն, որ փողը մեր կյանքի անբաժանելի մասն է կազմում, այս ծրագիրը հնարավորություն է ընձեռում սովորողների շրջանում զարգացնել շատ կարևոր և արդիական կյանքի հմտություն: Ֆինանսական կրթությունը կենսական անհրաժեշտություն է յուրաքանչյուր մարդու համար և անկասկած ազդում է մարդու բարեկեցության վրա:

«Նովոստի-Արմենիա». Իսկ ի՞նչ ձևաչափով կկատարվի ուսուցումը։

Ա. Փոքրիկյան. Ֆինանսական կրթության ազգային ռազմավարության համաձայն՝ սահմանվել է, որ դպրոցականների ֆինանսական կրթությունը պետք է իրականացվի դպրոցական գործող առարկաներում ինտեգրման միջոցով: Միջազգային փորձը (Իռլանդիա, Ավստրալիա և այլն) ցույց է տալիս, որ նման մոտեցումը առավել արդյունավետ է, քան դպրոցում առանձին առարկա ունենալը: Մասնավորապես այն էականորեն չի անդրադառնում աշակերտների և ուսուցիչների ծանրաբեռնվածության վրա, երկրորդ, ինտեգրվելով գործող առարկաներում՝ այն կամուրջ է դառնում պրակտիկ կյանքի և առարկայում ուսուցանվող երևույթների միջև։

Այսպիսով, ֆինանսական կրթության բովանդակությունը տարրական դասարաններում համահունչ կհամադրվի «Մաթեմատիկա» և «Ես և շրջակա աշխարհը» առարկաների հետ, իսկ միջնակարգ և ավագ դպրոցներում «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ» և «Հասարակագիտություն» առարկաների հետ: Ոլորտի լավագույն փորձագետներից ձևավորված աշխատանքային խումբը մշակել է համապատասխան առարկաներում ինտեգրվող ֆինանսական կրթության չափորոշիչները և նյութերը՝ ըստ տարբեր տարիքային խմբերի։

Загружается новость ... "Право"

Այսպիսով, 2-ից 11-րդ դասարաններում արդեն նախատեսված առարկաներում կներառվեն ֆինանսական կրթության տարրեր, ընդ որում` այնպես, որ չխախտվեն տվյալ առարկային բնորոշ սկզբունքները։ Օրինակ՝ «Ես և շրջակա աշխարհը» առարկայի ծրագրում արդեն առկա «Ընտանիք» թեմայի ներքո երեխաների հետ կքննարկվեն նաև փող վաստակելու և ծախսելու վերաբերյալ հարցեր, իսկ «Մաթեմատիկա» առարկայի «Թվաբանական գործողություններ» թեմայում ներառված կլինեն թղթադրամները և մետաղադրամները օգտագործելու միջոցով գնումներ կատարելու և մանրը ճիշտ ստանալու վերաբերյալ խնդիրներ: Ավելի բարձր դասարաններում աստիճանաբար բովանդակությունը ավելի կբարդանա այնպես, որ դպրոցը ավարտելիս սովորողը ունենա այն անհրաժեշտ գիտելիքը, հմտությունները և վերաբերմունքը՝ արդյունավետ ֆինանսական որոշումներ կայացնելու համար:

«Նովոստի-Արմենիա». իսկ ի՞նչ փուլում է ծրագիրը, և ե՞րբ այն կներդրվի դպրոցներում։

Ա. Փոքրիկյան. Այս պահին արդեն իսկ մշակվել են հիմնական բովանդակային նյութերը, որոնք արդեն սեպտեմբերից փորձարկվելու են 13 դպրոցներում: Այդ դպրոցներից 46 ուսուցիչներ վերապատրաստվել են հատուկ դասընթացների միջոցով՝ ծրագիրը արդյունվետ իրականացնելու համար: Փորձարկումը կշարունակվի մեկ ուսումնական տարի, որի հիման վրա կվերանայվեն և կլրամշակվեն նյութերը, կստեղծվեն նաև ուսուցիչների համար նախատեսված մեթոդական ձեռնարկներ:

«Նովոստի-Արմենիա». ի՞նչպես եք նախատեսում գնահատել ծրագրի արդյունավետությունը։

Ա. Փոքրիկյան. Փորձարկում իրականացնող դպրոցներից որոշներում փորձարկվում է նշված առարկաներից միայն մեկը: Այս քայլի հիմնական նպատակն է հասկանալ առանձին առարկաների դերը արդյունավետ ֆինանսական կրթություն իրականացնելու տեսանկյունից:

Ծրագրի արդյունավետությունը գնահատելու համար իրականցվելու են ֆոկուս խմբեր, հարցազրույցներ ընդգրկված դպրոցների սովորողների, ուսուցիչների և ծնողների շրջանակում: Ֆոկուս խմբերը իրականացվելու են փորձարկման մեկնարկին և ուսումնական տարվա վերջում:

Բացի այս ծրագրի աշխատանքային խմբում ներգրավված փորձագետները պարբերաբար դասալսումներ և մեթոդական աջակցություն են ցուցաբերելու փորձարկում իրականացնող ուսուցիչներին:-0-