Ուշագրավ մանրամասներ Կոմիտասի մասին վավերագրական նոր ֆիլմում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

27.04.2016, 20:57
«Հայկական ստանդարտ» կինոկենտրոնը ներկայացրել է «Կոմիտաս. հանճարը խելագարների աշխարհում» վավերագրական ֆիլմը:
Ուշագրավ մանրամասներ Կոմիտասի մասին վավերագրական նոր ֆիլմում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. «Հայկական ստանդարտ» կինոկենտրոնը ներկայացրել է «Կոմիտաս. հանճարը խելագարների աշխարհում» վավերագրական ֆիլմը, որում ուշագրավ մանրամասներ են բացահայտվում հայ մեծ կոմպոզիտոր, հայ դասական երաշժտական դպրոցի հիմնադիր, երգիչ, խմբավար Կոմիտասի կյանքի մասին։

«Ոչ մի երաժիշտ այդքան մեծ ազդեցություն չի ունեցել հայկական ստեղծագործական կյանքի զարգացման վրա, ինչպես Կոմիտասը։ Հավաքելով հայկական ժողովրդական երգերը` նա վերադարձրել է դրանք ժողովրդին մաքրված և վերածնված»,– ասվում է կինոկենտրոնի հաղորդման մեջ։

Ինչպես նշվում է մամուլի հաղորդագրությունում, երկար ժամանակ տարածված կարծիք կար, թե Կոմիտասը երկու տասնամյակ տառապել է հոգեկան հիվանդությամբ, որն էլ դարձել է իբր նրա մահվան գլխավոր պատճառը, բայց 1991 թվականին այդ պաշտոնական վարկածում կասկածելի բացեր հայտնվեցին։

«Կոմիտաս. հանճարը խելագարների աշխարհում» վավերագրական ֆիլմը լույս է սփռում Կոմիտասի հիվանդության գաղտնիքի և մահվան վրա։


Հայ մեծ կոմպոզիտոր Կոմիտասի (իսկական անունը` Սողոմոն Սողոմոնյան – 1869-1935) ստեղծագործությունները լայն ճանաչում են վայելում ողջ աշխարհում։

Կոմիտասը երաժշտություն է դասավանդել Էջմիածնի հոգևոր ճեմարանում, զուգահեռաբար ստեղծել է երգչախումբ, ժողովրդական գործիքների նվագախումբ, զբաղվել է ժողովրդական երգերի մշակմամբ, գրել առաջին ուսումնասիրությունները հայ եկեղեցական երաժշտության մասին։ Աշխարհի տարբեր երկրներում Կոմիտասը հանդես է եկել որպես հայկական երաժշտության կատարող և քարոզիչ։

Կոմիտասը 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայ ազգի սերուցքի դաժան ոչնչացման ականատես է եղել։ Նրան հրաշքով հաջողվել է մեկնել Եվրոպա։ Քսան տարի նա անցկացրել Փարիզի հոգեբուժարանում, որտեղ էլ մահացել է 1935 թվականին` այդպես էլ ուշքի չգալով վերապրած ցնցումից։ Այդ ժամանակից ի վեր Կոմիտասի կերպարն անքակտելիորեն կապված է հայ ժողովրդի ազգային ցավի հետ։

Կոմիտասի անունն են կրում` Երևանի պետական կոնսերվատորիան, լարային քառյակը, Կամերային երաժշտության տունը, պողոտան, այգին, Ստեփանակերտի երաժշտական դպրոցը և այլն։ -0-