ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի մշակույթի նոր նախարար Արմեն Ամիրյանն «Ամերիկայի Ձայնին» տված հարցազրույցում պատմել է այն մասին, թե որ փուլում են գերատեսչության մշակումները և ինչին է ուղղվելու Մշակույթի նախարարության ղեկավարի աշխատանքը:
Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է գերատեսչությունը ծրագրում մոտեցնել մշակույթն առօրեական հոգսերով տարված ժողովրդին՝ նա ասել է, որ մի քանի գաղափարներ ունի, որոնք պետք է լրամշակել:
«Գաղափարներից մեկը, որ պետք է կյանքի կոչվի, հրատարակչության ոլորտի կարգավորումն է, մասնավորապես, գրախանութների բացումը, որոնք կստեղծեն մի մթնոլորտ, երբ ընտանիքները կկարողանան գնալ գրախանութ և միասին այնտեղ անցկացնել ողջ երեկոն»,- ասել է նա:
Նախարարի խոսքով, այդպիսի խանութներում ամենափոքր այցելուների համար խաղեր կկազմակերպվեն, կգործեն գրենական պիտույքների բաժիններ, ժամանցի համար հնարավորություններ կլինեն, այլ կերպ ասած՝ կստեղծվեն պայմաններ ընտանեկան հանգստի համար:
Այդ համատեքստում Ամիրյանը նշել է ամերիկյան Barnes & Nobel գրախանութների ցանցը, որը գործում է երկրի ամբողջ տարածքում, ավելացնելով, որ դա շատ հաջող բիզնես-մոդել է, որի շնորհիվ հաջողվել է Ինտերնետի և տեղեկատվական մեծ հոսքերի դարաշրջանում գիրքը պահել ընտանիքի և երեխաների կողքին:
Մշակույթի նախարարի պաշտոնում կատարելիք առաջին քայլերի թվում կլինի ծանոթությունն այն մեխանիզմներին, որոնք գործում են մշակույթի նախարարությունում:
«Երկրում մեծ թվով թատրոններ, համերգասրահներ, թանգարաններ, պատմամշակութային հուշարձաններ կան… Դրանց բոլորի համար անհրաժեշտ է համապատասխան ենթակառուցվածքներ ստեղծել»,- ասել է Ամիրյանը, պարզաբանելով, որ խոսքը, մասնավորապես, ներքին և արտաքին զբոսաշրջության ենթակառուցվածքների զարգացման մասին է:
«Մենք պետք է աշխարհին պատմենք և ներկայացնենք մեր ժողովրդի իրական կերպարը: Դրա համար այդքան էլ երկար ժամանակ չի պետք: Այդ գործում կարևորը երազելու կարողությունն է և այդ երազանքները կյանքի կոչելու փորձը»,- ավելացրել է նախարարը: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում