Իլյա Երկրորդը հուսով է, որ իր միջամտությունը կբերի Թբիլիսիի հայկական եկեղեցիների հետ կապված խնդիրների լուծմանը

13.01.2012, 12:36
Իլյա  Երկրորդը  հուսով է, որ  իր  միջամտությունը  կբերի  Թբիլիսիի հայկական եկեղեցիների հետ կապված խնդիրների լուծմանը

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի. /Նովոստի-Արմենիա/.        Համայն Վրաց  Պատրիարք  Իլյա  Երկրորդը  Վրաստանի  հայ համայնքի  ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հույս է հայտնել, որ  իր  միջամտությունը  կբերի  Թբիլիսիի հայկական եկեղեցիների հետ կապված խնդիրների լուծմանը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի  լրատվական ծառայությունից:

Հաղորդագրության համաձայն՝      խնդրի  լուծման  կապակցությամբ Նորին  Սրբության  միջամտության խնդրանքով Իլյա Երկրորդին է դիմել Հայ Առաքելական  Եկեղեցու  Վիրահայոց թեմի  առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, որը գլխավորում էր Վրաստանի  հայ համայնքի  ներկայացուցիչների պատվիրակությունը:

Թեմի առաջնորդն իր   մտահոգությունը  հայտնեց Թբիլիսիի  հայկական  պատմական  թաղամասի եկեղեցիների,  մանավանդ  Սուրբ  Նշան և  Սուրբ  Նորաշեն  տաճարների վթարային  վիճակի  վերաբերյալ:  Նա  խնդրեց  Նորին  Սրբության  միջամտությունը խնդրի  լուծման  կապակցությամբ՝  առաջարկելով եկեղեցիները վերադարձնել  Հայոց  Թեմին,  որպեսզի  հայ հավատացյալների  ուժերով   վերականգնվեն դրանք կամ  մինչև հարցերի  վերջնական  լուծումը՝ Վրաստանի  իշխանությունները  հոգատար  լինեն  տաճարների  վերականգնման  և  պահպանման  գործին:

Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը հավատացյալ  հայության  կողմից  Ամանորյա և  Սուրբծննդյան  շնորհավորանքներ  փոխանցեց  Համայն Վրաց  Կաթողիկոս-Պատրիարքին և երախտագիտություն հայտնեց վրաց և  հայ  եկեղեցիների  բարեկամությունը  պահպանելու  և  ջերմ  ընդունելության  համար:    

Համայն Վրաց  Պատրիարք  Իլիա  Երկրորդն իր հերթին շնորհավորեց  Վրաստանում  բնակվող  հայությանը, գնահատեց  նրա  ներդրումը ինչպես  անցյալում,  այնպես  էլ  այսօրվա  Վրաստանի  կյանքում, հորդորելով   հաճախակի  դարձնել  հայ-վրացական  մշակութային  և  հոգևոր  շփումները և հույս  հայտնեց, որ  իր  միջամտությունը  կբերի  բարձրացված  հարցի  լուծման  առնչությամբ: 

Հանդիպմանը մասնակցում էին նաև Վրաստանի  նախագահի  խորհրդական, «Վրաստան» թերթի  խմբագիր  Վան Բայբուրթյանը,  Թեմական  խորհրդի  անդամ  Ալեքսանդր  Ութմազյանը  և  Վիրահայոց թեմի առաջնորդի  օգնական  Միքայել Ավագյանը, Վրաստանում ՀՀ  դեսպանության  առաջին  քարտուղար  Վահագն  Աֆյանը:

Սուրբ Նորաշեն հայկական եկեղեցին գտնվում է քաղաքի կենտրոնում: Եկեղեցու կառուցումը սկսվել է Ամիր Բեբությանի և նրա որդի Ասլամազի նախաձեռնությամբ 1701 թ.-ին:-0-