Ջիվան Գասպարյանն արժանացել է Բաբաջանյանի անվան առաջին մրցանակին

20.12.2011, 10:32
Ջիվան Գասպարյանն արժանացել է Բաբաջանյանի անվան առաջին մրցանակին
Ջիվան Գասպարյանն արժանացել է Բաբաջանյանի անվան առաջին մրցանակին

Դուդուկի աշխարհահռչակ վարպետ Ջիվան Գասպարյանն արժանացել է Առնո Բաբաջանյանի անվան Երևանի «Բաբաջանյան ֆեստ» կոմպոզիտորական արվեստի փառատոնի առաջին մրցանակին:

Երկուշաբթի կայացած փառատոնի փակման արարողությանը «Ողջ աշխարհում հայկական արվեստի մասսայականացման գործում մեծ ավանդի համար» լեգենդար դուդուկահարին ոսկե մեդալ հանձնեց հայտնի կոմպոզիտորի որդին՝ «Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամի» ղեկավար Արա Բաբաջանյանը:
«Ինձ համար մեծ պատիվ է լինել այս բեմին և առաջին մրցանակը հանձնել մաեստրո Ջիվան Գասպարյանին, ով երկար-երկար տարիներ ողջ աշխարհում ներկայացնում է հայկական արվեստը»,- ասաց Բաբաջանյանը՝ հանձնելով մրցանակը Գասպարյանին:

Առնո Բաբաջանյանի 90-ամյակին նվիրված «Բաբաջանյան ֆեստ» փառատոնն անցկացվել է նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 19-ը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Փառատոնի շրջանակներում կայացել է վեց համերգ: -0-