ՀՀ մշակույթի նախարարությունն ու ԱՄՆ դեսպանությունը Գառնու միջնադարյան կամրջի վերականգնման հուշագիր են ստորագրել

02.11.2011, 18:18
ՀՀ մշակույթի նախարարությունն ու ԱՄՆ դեսպանությունը Գառնու միջնադարյան կամրջի վերականգնման հուշագիր են ստորագրել
ՀՀ մշակույթի նախարարությունն ու ԱՄՆ դեսպանությունը Գառնու միջնադարյան կամրջի վերականգնման հուշագիր են ստորագրել

ՀՀ մշակույթի նախարարության և ԱՄՆ դեսպանության միջև` ի դեմս ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի,  Գառնու միջնադարյան կամրջի պահպանության վերաբերյալ արարողակարգային հուշագիր է ստորագրվել:

Գառնու միջնադարյան կամրջի վերականգնման նպատակով Դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի կողմից 2011թ. հատկացվել է 110.000 ԱՄՆ դոլարի ֆինանսավորում, որը մինչ օրս հիմնադրամի կողմից Հայաստանում իրականացված ամենամեծ ծրագիրն է: Վերջին երկու տարիների ընթացքում ՀՀ պետբյուջեից շուրջ 1 մլն դրամ (շուրջ 2,7 հազար դոլար) է ուղղվել նախագծանախահաշվային աշխատանքներին և ևս 7 մլն դրամ (19 հազար դոլար)՝ մասնակի հետազոտման և կամրջի ամրապնդման գծով անհետաձգելի աշխատանքներին:

«Այսօր մենք հայտարարում ենք Դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի հինգերորդ ծրագրի մեկնարկի մասին, որն ուղղված է Գառնու կամրջի վերականգնմանը»,- չորեքշաբթի միջոցառման ժամանակ ասաց Հեֆերնը:

Նա ընդգծեց բոլոր անհրաժեշտ միջոցառումների իրականացման կարևորությունը, որպեսզի հնարավորին չափ վերականգնվի հին կամրջի սկզբնական տեսքը՝ ավելացնելով, որ մտադիր է անձամբ հետևել վերականգնողական աշխատանքների արդյունքներին: Դեսպանն ավելացրեց, որ այս ծրագիրը խոշորագույնն է Հիմնադրամի բոլոր ծրագրերից, որոնք Հայաստանում իրականացվել են մինչ օրս:
Ինչպես հայտնեց Հեֆերնը, այս տարի իր 10-ամյա հոբելյանը տոնող Հիմնադրամի հիմնական նպատակն է աջակցությունը աշխարհի տարբեր երկրներում պատմամշակութային արժեքների պահպանմանը: --0-