Հայ և ճապոնացի փորձագետները հին գորգերի և գործվածքի վերականգնման փորձն են փոխանակում

26.10.2011, 15:52
Հայ և ճապոնացի փորձագետները հին գորգերի և գործվածքի վերականգնման փորձն են փոխանակում
Հայ և ճապոնացի փորձագետները հին գորգերի և գործվածքի վերականգնման փորձն են փոխանակում

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայ և ճապոնացի փորձագետները հին կարպետների, մանվածքի և ձեռագործության նմուշների վերականգնման փորձն են փոխանակում երեքշաբթի Երևանում մեկնարկած սեմինարի շրջանակներում, ասաց ճապոնական Ջոշոբի համալսարանի (Արվեստի համալսարան աղջիկների համար) պրոֆեսոր Իսիի Միյեն:

Հայկական թանգարանների փորձագետների և ճապոնացի մասնագետների մասնակցությամբ սեմինարն անցկացվում է հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը Հայաստանի պատմության պետական թանգարանում 2011 թվականի հունիսի 24-ին Հայաստանի մշակույթի նախարարության և Մշակութային արժեքների ուսումնասիրման Տոկիոյի ազգային ինստիտուտի միջև ստորագրած համագործակցության հուշագրի հիման վրա:

«Ես հայկական թանգարանի փորձագետներին իրենց գործի մեծագույն վարպետներ եմ համարում, և, պարզվում է, որ ողջ բարդությունն այն է, որ, ունենալով տաղանդ և ցանկություն, նրանք համապատասխան նյութեր և տեխնիկա չունեն վերականգնման համար: Այդ պատճառով սեմինարի գլխավոր թեման կլինի փորձի փոխանակումը»,- երեքշաբթի ասաց Միյեն սեմինարի բացման արարողության ընթացքում:
Նա հայտնեց, որ ճապոնացի փորձագետներն իրենց հետ բերել են համապատասխան տեխնիկա գործվածքի հնագույն նմուշների վերականգնման համար:

Նա պատմեց, որ առաջին անգամ Հայաստան է եկել այս տարվա ապրիլին, որպեսզի ծանոթանա Հայաստանի պատմության թանգարանում պահվող նմուշներին, և իր աչքերով տեսնի, թե ինչպես է իրականացվում դրանց պահպանումն ու ռեստավրացիան:

«Չեմ կարող խոսքերով փոխանցել, թե ինչ ուրախություն ապրեցի այն պահին, երբ եկա թանգարան: Երկար տարիների ընթացքում հայ կանայք զբաղվել են ձեռագործի վերականգնման քրտնաջան աշխատանքով: Բոլոր նմուշներն այնքան հիանալի վիճակում են, որ նույնիսկ կասկածներ են առաջանում, իմաստ ունի, արդյո՞ք, աջակցություն ցուցաբերել դրանց վերականգնմանը».- ասաց նա:

Պատմության թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանն իր հերթին հայտնեց լրագրողներին, որ ճապոնացի և հայ մասնագետները համատեղ ջանքերով կազմել են հնագույն մանվածքի նմուշների վերականգնման բոլոր նյութերի ցուցակը, որոնց օգտագործման ժամանակ բացառվում է ամենաչնչին վնասը:

Նա նշեց, որ սեմինարում կներկայացվի Հայաստանում դեռևս 18-19-րդ դարերից հայտնի «Լաբիրինթոս» մանվածքային բարդ տեխնիկան:
Գրիգորյանն ավելացրեց, որ Պատմության թանգարանի հնագույն ցուցանմուշները պատկանում են միայն ուրարտական դարաշրջանին (մ.թ.ա. 9-6 դարեր): -0-