ՀՀ գովազդային խորհուրդը մշակել է փառատոներում գովազդային գործակալությունների մասնակցության վարկանիշը

14.10.2011, 18:22
ՀՀ գովազդային խորհուրդը մշակել է փառատոներում գովազդային գործակալությունների մասնակցության վարկանիշը

Հայաստանի գովազդային խորհուրդը մշակել է գովազդային գործակալությունների մասնակցության վարկանիշը 2011 թվականի  տեղական և միջազգային փառատոներում, հայտնեց Խորհրդի նախագահ Արզուման Հարությունյանը: 
«Այսուհետ պատվիրատուների համար ավելի հեշտ կլինի գտնել ոլորտի լավագույն գովազդային գործակալությունները»,- ուրբաթ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց Հարությունյանը:

Նրա խոսքով, վարկանիշում կընդգրկվեն տեղական լավագույն գովազդային գործակալությունները՝ 2011 թվականի հայտնի ինը գովազդային միջազգային փառատոների մասնակիցները:

«2011 թվականի վարկանիշային ցուցակում ընդգրկվել են գովազդային հետևյալ փառատոները՝ Կանի գովազդի միջազգային փառատոնը, Մոսկվայի միջազգային փառատոները՝ «Գոլդեն դրամը», «Red apple»-ը, «Լայմ» սոցիալական գովազդի փառատոնը, ինչպես նաև Սիբիրի «Իդեա» միջազգային փառատոնը, Մերձբալթյան երկրների «Golden hammer» միջազգային փառատոնը, Կիևի միջազգային փառատոնը, Մինսկի «Սպիտակ քառակուսի» միջազգային փառատոնը և «Պոպոք» Երևանի միջազգային գովազդային փառատոնը»,- ասաց Հարությունյանը, հավելելով, որ ցուցակում ընդգրկված փառատոների ղեկավարները դրական են արձագանքել դրա ստեղծմանը:

Ըստ նրա, վարկանիշի մասնակից գործակալությունները կստանան հետևյալ միավորները՝ «Շորթ-լիստ»՝ 2 միավոր, «Բրոնզե մրցանակ»՝ 4 միավոր, «Արծաթե մրցանակ»՝ 6 միավոր և Գրան Պրի՝ 10 միավոր:

«ՊՈՊՈՔ» երկրորդ միջազգային փառատոնի նախագահ Րաֆֆի Նիզիբլյանն իր հերթին ընդգծեց, որ վարկանիշային ցուցակի ստեղծումը կարող է այս տարի «ՊՈՊՈՔ» փառատոնին հայկական գովազդային գործակալությունների մասնակցության լրացուցիչ խթան հանդիսանալ:
«ՊՈՊՈՔ» գովազդի ամենամյա երկրորդ միջազգային փառատոնը կանցկացվի Երևանում՝ 2011 թվականի հոկտեմբերի 27-29-ը:
Նիզիբլյանը միաժամանակ մատնանշեց հայկական գովազդային գործակալությունների ոչ բավարար ակտիվությունն այս տարվա փառատոնին մասակցելու հարցում: Նա հայտնեց, որ նախորդ տարի իրավիճակը մոտավորապես նույնն էր, և փառատոնի բացումից մի քանի օր առաջ միայն ստացվեցին միանգամից մի քանի հարյուր տեղական գործակալությունների մասնակցության հայտեր:

Հայաստանի գովազդային խորհուրդը հասարակական կազմակերպություն է, որի հիմնական նպատակը հանրապետության գովազդային շուկայի կարգավորումն է: Խորհուրդը ստեղծվել է մոտ 5 տարի առաջ, սակայն իրավական կարգավիճակ է ստացել 2011 թվականին: Կազմակերպության հիմնական խնդիրներն են՝ գովազդային շուկայի մոնիթորինգը և խորհրդատվական ծառայությունների տրամադրումը:

Այս տարի «ՊՈՊՈՔ» փառատոնին կմասնակցի շուրջ 25 երկիր: Հայտնի փորձագետներ՝ Եվրոպայի արտ-տնօրենների ակումբի նախագահ Ֆրանկո Մորետին (փառատոնի ժյուրիի նախագահ), Դմիտրի Պյորիշկովը, Ալեքսեյ Անդրեևը, Ուիլ Ռասթը, վարպետության դասեր կանցկացնեն գովազդային մասնագետների և ուսանողների համար: -0-