Նարեկ Հախնազարյանը Չայկովսկու անվան մրցույթում հաղթել է լուրջ պայքարի արդյունքում. Գերգիև

20.09.2011, 14:23
Նարեկ Հախնազարյանը Չայկովսկու անվան մրցույթում հաղթել է լուրջ պայքարի արդյունքում. Գերգիև

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  Թավջութակահար Նարեկ Հախնազարյանը Չայկովսկու անվան 14-րդ միջազգային մրցույթում ոսկե մեդալ է շահել լուրջ և ցայտուն պայքարի արդյունքում, ասաց Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վալերի Գերգիևը:

Նախօրեին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում անցկացված Սանկտ Պետերբուրգի Մարիինյան լեգենդար թատրոնի համերգը՝ Վալերի Գերգիևի գլխավորությամբ, նշանավորեց Հայաստանի անկախության 20-ամյակի և Էրեբունի-Երևանի 2793-ամյակի տոնական միջոցառումների մեկնարկը:

Նվագախմբի հետ հանդես է եկել նաև Չայկովսկու անվան մրցույթի մրցանակակիր, թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, ով կատարել է Քամիլ Սեն-Սանսի ստեղծագործությունը:

«Կարող եմ շնորհավորել ձեզ Չայկովսկու մրցույթի ոսկե մեդալի առթիվ, իսկ Նարեկին համերգի հրավիրելու գաղափարն իմն է եղել: Կարծում եմ, որ ավելի «սպանիչ» ոչինչ չեմ կարող մտածել: Նա միայն մրցանակ է նվաճել, մրցույթի ոսկե մեդալը: Նա նվաճել է դա շատ, շատ լուրջ պայքարում: Եզրափակչի բոլոր հինգ մասնակիցներն արժանի են ոսկե մեդալի: Դա հազվադեպ է պատահում»,- ասաց Գերգիևը համերգից առաջ տեղի ունեցած ճեպազրույցում:

Նա ընդգծեց, որ Նարեկը պետք է հետագայում էլ զարգանա որպես երաժիշտ և նոր երկացանկ ուսումնասիրի, «և ոչ թե մտածի միայն մենեջերների, գործակալների, պաստառների գովազդի, հարցազրույցի մասին»:
Չայկովսկու անվան 14-րդ միջազգային մրցույթում «Թավջութակ» մասնագիտությունից Նարեկ Հախնազարյանը ստացավ նաև «հանդիսատեսի համակրանք» մրցանակը:

Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումը Ռուսաստանում հնագույններից մեկն է: Նվագախմբի պատմությունը սկիզբ է առնում Սանկտ Պետերբուրգի Կայսերական օպերայի առաջին նվագախմբից և գոյություն ունի արդեն ավելի քան երկու հարյուր տարի: Եվրոպայի, Ամերիկայի և Ասիայի երաժշտական խոշորագույն պարբերականների առաջատար քննադատները կոլեկտիվն աշխարհի լավագույն նվագախմբերից մեկն են համարում: -0.-