Արցախի դրոշն Իվետա Մուկուչյանի ձեռքին կարող է թանկ արժենալ Հայաստանի համար

11.05.2016, 20:26
Եվրոպայի հեռարձակման միությունը պատժամիջոցներ կսահմանի Հայաստանի հանրային հեռուստաընկերության նկատմամբ հայ երգչուհի Իվետա Մուկուչյանի վարքի պատճառով:
Արցախի դրոշն Իվետա Մուկուչյանի ձեռքին կարող է թանկ արժենալ Հայաստանի համար
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Եվրոպայի հեռարձակման միությունը պատժամիջոցներ կսահմանի Հայաստանի հանրային հեռուստաընկերության նկատմամբ հայ երգչուհի Իվետա Մուկուչյանի վարքի պատճառով, ով նախօրեին «Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթում ֆան–գոտում ծածանել է Լեռնային Ղարաբաղի դրոշը։

Իվետայի հետ` մինչև աշխարհի ծայրը. ՀՀ ԿԳ նախարարը պոետիկ տողեր է նվիրել «Եվրատեսիլի» հայ ներկայացուցչին>>

«EBU–ն և ռեֆերենտ խումբը վճռականորեն դատապարտում են մայիսի 10–ին առաջին կիսաեզրափակչի ուղիղ եթերի ժամանակ «կանաչ սենյակում» Լեռնային Ղարաբաղի դրոշը ծածանող Մուկուչյանի վարքը, և դրոշի հայտնվելը կորստաբեր են համարում «Եվրատեսիլի» վարկանիշի համար»,– ասվում է Facebook սոցցանցում EBU–ի պաշտոնական էջում հրապարակված հայտարարությունում։

Ռեֆերենտ խումբը որոշել է կանոններին համապատասխան պատժամիջոցներ սահմանել Հայաստանի հանրային հեռուստաընկերության նկատմամբ։ Դրանց բնույթը կորոշվի ոչ ուշ, քան հունիսին կայանալիք խմբի հաջորդ խորհրդակցության ժամանակ, ասվում է հայտարարությունում։

«Մենք իրազեկված ենք Լեռնային Ղարաբաղում տիրող լարված իրավիճակի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության պահպանման մասին։ Դրոշի հայտնվելն ուղիղ եթերում բավականին վիճելի ենք համարում և հայտարարում ենք, որ որևէ կազմակերպություն, հաստատություն, քաղաքական դրդապատճառներ, ընկերություններ, ապրանքանիշներ, սննդամթերք կամ ծառայություններ քարոզող ոչ մի ուղերձ շոուի ժամանակ չի թույլատրվում»,– նշում են կազմակերպությունում։

Այսպիսով, EBU–ն անընդունելի է համարում հայկական պատվիրակության կողմից մրցույթի կանոնների խախտումը, մասնավորապես, վերոնշյալ միջադեպի հետ կապված։ Խումբը նշում է, որ «Եվրատեսիլ 2016» մրցույթի կանոնների հետագա խախտումը կարող է հանգեցնել մասնակցի որակազրկմանն այս տարի կամ հաջորդ միջոցառումներում։

Նախօրեին Իվետա Մուկուչյանն անցել է մրցույթի եզրափակիչ LoveWave երգով։

«Եվրատեսիլ 2016»–ի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 14–ին։ Յուրաքանչյուր կիսաեզրափակչից եզրափակիչ դուրս կգա 10–ական մասնակից։ «Եվրատեսիլի» հիմնադիր երկրները` Իսպանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան և Բրիտանիան, ինչպես նաև հյուրընկալ երկիրը` Շվեդիան ավտոմատ կերպով անցնում են եզրափակիչ։ -0-