ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. «Եվրատեսիլ» մրցույթի ռուսական ժյուրիի անդամ Անաստասիա Ստոցկայան «չի համարում, որ մրցույթի հայ մասնակից Իվետա Մուկուչյանի մասին իր խոսքերով նա խախտել է մրցույթի կանոնները»։
ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում Ստոցկայան մեկնաբանել է տեղեկությունն այն մասին, թե նա խախտել է ժյուրիի քվեարկության գաղտնիության սկզբունքը։ Ստոցկայան, մասնավորապես, նշել է, որ Periscope–ում հրապարակված տեսանյութը մրցույթի կանոնների խախտում չէ։
«Մեզ ասել են, որ չի կարելի հրապարակել արդյունքները, ինչը ես չեմ արել։ Ես պարզապես տեսանյութ եմ նկարահանել և հրապարակել այն բլոգում` մրցույթն ավելի հանրաճանաչ դարձնելու նպատակով», – նշել է Ստոցկայան։
Երգչուհին նաև ընդգծել է, որ շատ է մտահոգվում ստեղծված իրավիճակի կապակցությամբ, հաղորդում է lenta.ru–ն։
Periscope–ում Ստոցկայայի տեսանյութին ուշադրություն են դարձնել ցանցի օգտատերերն ու արևմտյան լրատվամիջոցները։ «Եվրատեսիլի» կազմակերպիչները խոստացել են ստուգել` արդյոք նրա տեսանյութը խախտում է մրցույթի կանոնները։
Periscope–ում Ստոցկայան մեկնաբանել է Նիդեռլանդների և Հայաստանի ներկայացուցիչների ելույթները։ Նիդեռլանդները ներկայացնող Դաուե Բոբի ելույթը նա որակել է «պուպուշ», իսկ Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանի ելույթը մեկնաբանել է հետևյալ կերպ. «Ամուսինս հայ է, ես սատարում եմ հայերին»։
Ստոցկայայից բացի, «Եվրատեսիլի» ռուսական ժյուրիի կազմում ներառված են Գենադի Գլադկովը, Դենիս Մայդանովը, Օսկար Կուչերան և Օլիմպիադա Տետերիչը։
Իվետա Մուկուչյանը LoveWave երգով հանդես կգա մայիսի 10–ին նախատեսված առաջին կիսաեզրափակչում և եզրափակիչ դուրս գալու համար կպայքարի Խորվաթիայի, Ֆինլանդիայի, Մոլդովայի, Հունաստանի, Հունգարիայի, Ռուսաստանի, Նիդեռլանդների, Սան Մարինոյի, Ադրբեջանի, Կիպրոսի, Մալթայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Էստոնիայի, Չեխիայի, Մոնտենեգրոյի, Իսլանդիայի, Ավստրիայի ներկայացուցիչների հետ:
Մայիսի 12–ին կայանալիք երկրորդ կիսաեզրափակչում ելույթ կունենան Լատվիայի, Բելառուսի, Իռլանդիայի, Շվեյցարիայի, Մակեդոնիայի, Ավստրալիայի, Լիտվայի, Լեհաստանի, Իսրայելի, Սերբիայի, Ալբանիայի, Բուլղարիայի, Դանիայի, Վրաստանի, Ռումինիայի, Սլովենիայի, Նորվեգիայի, Ուկրաինայի, Բելգիայի ներկայացուցիչները:
«Եվրատեսիլ 2016»–ի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 14–ին։–0–