ԶԼՄ–ների ներկայացուցիչները Հայաստանը լավագույնն են ճանաչել «Եվրատեսիլ 2016»-ում

03.05.2016, 16:33
Մամուլի ներկայացուցիչները, որոնք ներկա են եղել «Եվրատեսիլ 2016»-ի առաջին կիսաեզրափակիչի մասնակիցների փորձերի առաջին օրը, լավագույնն են ճանաչել Իվետա Մուկուչյանի ելույթը:
ԶԼՄ–ների ներկայացուցիչները Հայաստանը լավագույնն են ճանաչել «Եվրատեսիլ 2016»-ում

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Մամուլի ներկայացուցիչները, որոնք ներկա են եղել «Եվրատեսիլ 2016»-ի առաջին կիսաեզրափակչի մասնակիցների առաջին փորձին, լավագույնն են ճանաչել Իվետա Մուկուչյանի ելույթը: Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է Հայաստանը ներկայացնող երգչուհին:

Իվետա Մուկուչյանն առաջին փորձն է անցկացրել Ստոկհոլմում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)>>

«Լրատվամիջոցների ներկայացուցիչների քվեարկության համաձայն, մեր երեկվա ելույթը ճանաչվել է լավագույնը կիսաեզրափակչի մասնակիցների շրջանում: Դա հիանալի է: Մեկնարկը տրվել է», - գրել է Մուկուչյանը:

Փորձերի առաջին օրվա քվեարկության արդյունքում` Հայաստանը վաստակել է 92 ձայն, երկրորդ տեղում Ռուսաստանն է (90 ձայն), երրորդ տեղում` Նիդեռլանդները (53 ձայն):

 - рис.1

Այս տարի «Եվրատեսիլ 2016» մրցույթը անցնում է Շվեդիայի մայրաքաղաքում` «Միավորվենք» (Come together) կարգախոսով:

Իվետա Մուկուչյանը LoveWave երգով հանդես կգա մայիսի 10–ին նախատեսված առաջին կիսաեզրափակչում և եզրափակիչ դուրս գալու համար կպայքարի Խորվաթիայի, Ֆինլանդիայի, Մոլդովայի, Հունաստանի, Հունգարիայի, Ռուսաստանի, Նիդեռլանդների, Սան Մարինոյի, Ադրբեջանի, Կիպրոսի, Մալթայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Էստոնիայի, Չեխիայի, Մոնտենեգրոյի, Իսլանդիայի, Ավստրիայի ներկայացուցիչների հետ։

Մայիսի 12–ին կայանալիք երկրորդ կիսաեզրափակչում ելույթ կունենան Լատվիայի, Բելառուսի, Իռլանդիայի, Շվեյցարիայի, Մակեդոնիայի, Ավստրալիայի, Լիտվայի, Լեհաստանի, Իսրայելի, Սերբիայի, Ալբանիայի, Բուլղարիայի, Դանիայի, Վրաստանի, Ռումինիայի, Սլովենիայի, Նորվեգիայի, Ուկրաինայի, Բելգիայի ներկայացուցիչները։

«Եվրատեսիլ 2016»–ի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 14–ին։–0–