Ընդդիմությունը ժողովրդին ցույցի է հրավիրում Սահմանադրության հանրաքվեի օրը

03.12.2015, 20:55
«Նոր Հայաստան» ժողովրդական փրկության ճակատը մտադիր է ցույց անցկացնել սահմանադրական բարեփոխումների օրը` դեկտեմբերի 6–ին, ասաց շարժման առաջնորդներից մեկը` Ժիրայր Սեֆիլյանը:
Ընդդիմությունը ժողովրդին ցույցի է հրավիրում Սահմանադրության հանրաքվեի օրը
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Նոր Հայաստան» ժողովրդական փրկության ճակատը մտադիր է ցույց անցկացնել սահմանադրական բարեփոխումների օրը` դեկտեմբերի 6–ին, ասաց շարժման առաջնորդներից մեկը` Ժիրայր Սեֆիլյանը` չորեքշաբթի երեկոյան ելույթ ունենալով Ազատության հրապարակում։

«Նոր Հայաստան» շարժման ցույցերը սահմանադրական հանրաքվեի դեմ մեկնարկել են դեկտեմբերի 1–ին։ Ցուցարարները հայտնել են Ազատության հրապարակում անժամկետ նստացույցի անցկացման մասին։

«Դեկտեմբերի 6–ին ցույց է լինելու։ Այդ օրը հրապարակից ցուցարարները հետևելու են ընտրությունների ընթացքին»,– ընդգծեց Սեֆիլյանը` կոչ անելով Հայաստանի մարզերի բնակիչներին միանալ բողոքին։

«Մենք շատ ենք խոսել ռեժիմի փոփոխության մասին, և այն, որ այժմ հավաքվում ենք, ոչ մեծ, բայց հաղթանակ է։ Ամեն ինչ գնում է դեպի հեղափոխություն...»,– ասաց նա։

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի պատգամավոր Արամ Մանուկյանն իր հերթին իշխանություններին մեղադրեց քաղաքացիների արտագաղթի և աղքատության մեջ։

«Մեր հավաքների նպատակը ռեժիմի հերթական արկածախնդրություն թույլ չտալն է»,– ասաց Մանուկյանը։

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը վստահ է, որ ընդդիմադիր շարժումը հաղթանակի ճանապարհին է։

«Մենք հաղթում ենք, և առաջին անգամ 20 տարիների ընթացքում կունենանք ժողովրդին հաշվետու իշխանություն»,– կարծում է նա։

Հայաստանի` խորհրդարանական կառավարման անցում ենթադրող սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն կանցկացվի դեկտեմբերի 6–ին։ -0-