ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Ընդամենը մեկ շաբաթ առաջ «Ծառուկյան» դաշինք խմբակցության անդամները ԱԺ հայտարարությունների համար նախատեսված նիստի ժամանակ իրար հերթ չտալով հայտարարություններ էին անում և պահանջում, որ կառավարությունը հետ կանչի Բարեգործության մասին օրենքում փոփոխությունների նախագիծը, գրում է «Ժամանակ» թերթը։
Նրանց մի մասը պնդում էր, որ այդ նախագիծը նախապես պետք է համաձայնեցվի երկրի գլխավոր բարեգործ Գագիկ Ծառուկյանի հետ, մյուսները դա համարում էին նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի վերջին վատությունը Գագիկ Ծառուկյանին, իբրև թե հնարավորություն տալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությանը իր վրայից գցել պատասխանատվությունը:
Բանն այն է, որ փոփոխությունների ընդունումը զգալիորեն կրճատում է բարեգործական գործունեության իրականացման հնարավորությունները, այդ թվում` նախընտրական ժամանակահատվածում։ Աղբյուրի հաղորդմամբ, Ծառուկյանն այնքան վրդովված է եղել իր հնարավորությունների սահմանափակմամբ, որ սպառնացել է չսատարել Փաշինյանին արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման հարցում։
Բայց ոչինչ չօգնեց, այսօր կայանալիք ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է Բարեգործության մասին օրենքում փոփոխություններ կատարելու կառավարության ներկայացրած նախագիծը, և այն, հոդվածի հեղինակի խոսքով, ընդունվելու է:
Ավելին՝ զավեշտալին այն կլինի, եթե «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավորները, որ մեկ շաբաթ առաջ դեմ էին այդ նախագծին, ոչ միայն մոռանան իրենց մեկ շաբաթ առաջ ունեցած ելույթները, այլ նույնիսկ կողմ քվեարկեն դրա ընդունմանը»:
Թերթը նշում է, որ Ծառուկյանի մոտ տրամադրության փոփոխություն տեղի է ունեցել հավանաբար հեռուստացույց դիտելիս, երբ տեսել է, թե ինչպես են ԱԱԾ աշխատակիցները կալանավորում թիվ մեկ ազատամարտիկ ու ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին:
Չնայած Գրիգորյանի նկատմամբ անձնական անբարյացակամությանը` Ծառուկյանը գիտակցել է, որ նոր իշխանություններին դիմակայելն ու դիմադրելը բավականին վտանգավոր է։ Եթե իշխանությունները կարող են ձերբակալել «Երկրապահ» միության ղեկավարին, ապա գլխավոր բարեգործին կկալանավորեն առանց երկար մտածելու։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում