The Guardian. ԱՄՆ Պետդեպը ՀՀ-ում ֆինանսավորում է COVID-19-ի մասին ապատեղեկատվություն տարածող կայք. պարզաբանում ենք իրավիճակը
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Բրիտանական The Guardian թերթը մայիսի 28-ին հրապարակել է հոդված, ըստ որի ԱՄՆ կառավարությունը Հայաստանում ֆինանսավորում է Medmedia.am կայքը, որը տարածում է ապատեղեկատվություն կորոնավիրուսի համավարակի մասին, այդ թվում զգուշացումներ, որ հայերը պետք է հրաժարվեն պատվաստման ապագա ծրագրերից:
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը պարզում է իրավիճակը և ներկայացնում այս պատմության բոլոր կողմերի տեսակետները:
ОpenDemocracy-ի հրապարակումը
Ինչպես նշվում է հրապարակման մեջ, ՕpenDemocracy բրիտանական լրատվական կայքի ուսումնասիրության համաձայն, medmedia.am ինտերնետ-աղբյուրը գործարկվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի դրամաշնորհի միջոցներով, որոնք նախատեսված են ժողովրդավարության գաղափարների խթանման համար: Այնումենայնիվ, փոխարենը օգտագործվում էր COVID-19-ի մասին կեղծ տեղեկատվություն տարածելու համար:
«Դրամաշնորհը տրամադրվել էր «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիային», որը գործարկել էր կայքը անցած տարի և որը գլխավորում էր բժիշկ Գևորգ Գրիգորյանը: Աղբյուրի ամենամեծ տարածում գտած հոդվածների թվում կան հոդվածներ, որոնք COVID-19-ը «կեղծ համավարակ» են որակում և տարածում ապատեղեկատվություն այն մասին, որ դիահերձարաններից մեկում մահացած պացիենտի ընտանիքին առաջարկել էին մի քանի հարյուր դոլար, եթե հարազատները հաստատեն, որ վերջինս մահացել է կորոնավիրուսից»,- նշվում է հրապարակման մեջ:
Ինչպես գրում է թերթը, Գրիգորյանը հայտնի է Առողջապահության նախարարության հասցեին ուղղված իր խիստ քննադատությամբ: Նա նաև հանդես էր գալիս ընդդեմ ԼԳԲՏ-ի, այդ թվում 2014թ.-ին Facebook-յան հրապարակումներից մեկում վերջինս կոչ էր անում «այրել համասեռամոլներին»:
Պատվաստման դեմ կոչերի հերքումը
Համաձայն The Guardian-ի, Գրիգորյանը հերքում է, որ կապ ունի որևէ կոնկրետ քաղաքական կուսակցության հետ, և որ Medmedia.am-ը կամ փաստերի հավաքագրման գծով նախագիծն ուղղված են կառավարության դեմ: Նրա խոսքով, (COVID-19-ի) վիճակագրությունը խոսում է իր փոխարեն:
Գրիգորյանը հայտնել է The Guardian-ին, որ ԱՄՆ դեսպանատունը Հայաստանում կապ է հաստատել իր հետ և մտահոգություն հայտնել՝ կայքում տեղ գտած նրա հոդվածների առնչությամբ:
«Ես համոզված եմ, որ կարողացա պատասխանել բոլոր այդ հարցերին, և այդ մտահոգությունները վերացան: Կայքը պատվաստման դեմ ուղղված ֆորում չէ»,- նշել է նա:
Բժիշկը նույնպես հայտնել է, որ կայքի «ստեղծման նպատակը հանրության ձայնը լսելի դարձնելն է»: Գրիգորյանը նշել է, որ չի կիսում հոդվածագիրների, փարձագետների և ՀԿ-ների ղեկավարների կարծիքները, բայց քանի որ դրանք ֆեյք չեն, ապա չեն ջնջվելու: Նա նույնպես հերքել է, որ հոդվածները կարող են վտանգ ներկայացնել հանրային առողջապահության համար՝ հայտնելով, որ դրանք «քննարկումների առիթ են ստեղծում»:
ԼԳԲՏ-ի դեմ նախկինում արված հայտարարությունները մեկնաբանելով, այդ թվում «ես միշտ պայքարելու եմ համասեռամոլների դեմ» արտահայտությունը՝ նա հայտնել է, որ դրանք սխալ են մեկնաբանվել և առաջացել են «հակահասարակական վարքի» կոնկրետ դեպքերի հետևանքով:
Իսկ 2014թ.-ի Facebook-յան հրապարակման («գեյերին պետք է այրել հասարակական վայրերում») վերաբերյալ հարցին՝ Գրիգորյանը նշել է, որ այդ հրապարակումը եղել է «Քրեական ընթերցվածք» («Криминальное чтиво») ֆիլմի հղումը և ինքնին հումոր էր:
ԱՄՆ Պետդեպարտամենտը հրաժարվել է մեկնաբանել
Միաժամանակ ԱՄՆ Պետդեպարտամենտը հրաժարվել է մեկնաբանել The Guardian-ի հարցերը դրամաշնորհի չափերի կամ դրա վերանայման գործընթացի վերաբերյալ: Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կայքում հաղորդվում է, որ Ժողովրդավարության հանձնաժողովի Փոքր դրամաշնորհային ծրագրի շրջանակում մինչև 50 հազ. դոլար չափով դրամաշնորհները տրվում են մրցակցային հիմունքներով տեղական ՀԿ-ների կողմից:
«Դրանք կոչված են կենտրոնանալու այնպիսի հարցերի վրա, ինչպիսիք են կառավարման մեջ թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, մարդու իրավունքների խթանումը, կառուպցիայի վերացումը և տնտեսական աճի և զարգացման արագացումը»,- հայտնել են Պետդեպից:Ոչ աշխատանքային օր medmedia.am-ի համար
Medmedia.am կայքի տնօրեն Սարգիս Ավագյանը հայտնել է «Նովոստի-Արմենիայի» թղթակցին, որ պատրաստ է մեկնաբանել The Guardian-ի հրապարակումը միայն մի քանի օր հետո:
«Հրապարակումը ես կմեկնաբանեմ հունիսի 1-ին»,- նշել է նա: Ընդ որում գործակալության կրկնակի հարցմանը նա հայտնել է, որ երկրում ոչ աշխատանքային օր է:
(Մայիսի 28-ին Առաջին հանրապետության օրվա հետ կապված մայիսի 29-ի աշխատանքային օրը տեղափոխվել էր մայիսի 23-ին):
ՀՀ Առողջապահության նախարարության մեկնաբանությունը
ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը «Նովոստի-Արմենիա» թղթակցի հետ զրույցում մեկնաբանել է The Guardian-ի հրապարակման շուրջ ստեղծված իրավիճակը՝ անթույատրելու որակելով ոչ հաստատված տեղեկատվության տարածումը, որը կարող է վերաբերել քաղաքացիների առողջությանը և հանրային անվտանգությանը:
«Առողջապահության նախարարության գնահատմամբ, համավարակի պայմաններում անթույլատրելի է ինչ-որ չիպավորման կամ դիահերձարանում փողի դիմաց մահացածի մոտ կորոնավիրուսի գրանցման մասին տեղեկատվության տարածումը: Իմ անձնական կարծիքով, նման ապատեղեկատվությունը խարխլում է ինչպես երկրի առողջապահական համակարգի, այնպես էլ իրականացվող միջոցառումների նկատմամբ վստահությունը»,- նշել է նա:
Նիկողոսյանը հայտնել է, որ անձամբ է դարձել ականատեսն այն բանի, երբ սոցցանցերում ստեղծվել են բավականաչափ շատ խմբեր, որոնցում մարդկանց կոչ է արվում չկրել դիմակներ, քանի որ վարակը, իբրև թե, գոյություն չունի:
«Հենց նման կայքերի միջոցով է սոցիալական կարծիքի վրա ազդեցություն իրականացվում, ինչը հանգեցնում է կառավարության հակահամաճարակաբանական միջոցառումներին բնակչության մի մասի հակառակությանը»,- նշել է նա:
Պատասխանելով հարցին այն մասին, թե ինչու նման կայքերի գոյությունը հետաքրքրել է արտասահմանյան հրատարակություններին, քարտուղարը հիշեցրել է, որ նման տեղեկատվական ռեսուրսների գործունեության մասին նախարարությունը բազմիցս է հաղորդել՝ կոչ անելով բնակչությանը չառաջնորդվել այդ հրապարակումներով:
«Առողջապահության նախարարությունը The Guardian-ի հրապարակումից առաջ հանդես էր եկել հերթական հերքմամբ: Այնուամենայնիվ, խոսքի ազատության պայմաններում նման ռեսուրսների վրա ազդեցության որևէ մեխանիզմներ չկան: Մնում է, որ մեր քաղաքացիները գիտակցեն վտանգը, որ պարունակում են նման հրապարակումները»,- նշել է Նիկողոսյանը:
Կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում
Հայաստանում մարտի 16–ին մեկ ամսով հայտարարվել էր արտակարգ դրության ռեժիմ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Մարտի 24–ից ապրիլի 12–ը գործում էին մարդկանց տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումներ։ Ապրիլի 13–ին կառավարությունը որոշեց մեկ ամսով երկարացնել արտակարգ դրության ռեժիմը` մինչև 2020թ.–ի մայիսի 14–ը ժամը 17։00–ն։ Մայիսի 14-ին կառավարությունը կրկին երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմը՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը ժամը 17:00-ն ներառյալ:
Ընդ որում մարտի 24–ից ապրիլի 12–ը գործում էին մարդկանց տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումներ, որոնք հանվել են մայիսի 4-ից, իսկ արդեն մայիսի 18-ից վերականգնվել է հասարակական տրանսպորտի, մարզասրահների, մանկապարտեզների և հանրային սննդի կետերը:
Հայաստանում մայիսի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 8927 դեպք, որոնցից 3317-ն` առողջացած, 127-ը` մահվան ելքով: -0-