Վերին Լարս հսկիչ անցակետի ճանապարհը փակ է ձնաhյուսերի վտանգի պատճառով

16.01.2012, 14:40
Վերին Լարս հսկիչ անցակետի ճանապարհը փակ է ձնաhյուսերի վտանգի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Վերին Լարս հսկիչ անցակետի ռազմական-վրացական ճանապարհով տրանսպորտի երթևեկությունը դադարեցվել է երկուշաբթի առավոտից՝ ձնահյուսերի վտանգի պատճառով, «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է Հյուսիսային Օսեթիայի ԱԻՆ մամուլի ծառայության ղեկավար Յուլիա Ստարչենկոն:

Նրա խոսքերով՝ վրացի սահմանապահները դիմել են ռուսական կողմ տանող ճանապարհը փակելու խնդրանքով:

«Ռազմական-վրացական ավտոճանապարհին առատ ձյան և եղանակային պայմանների վատթարացման, ավտոմեքենաների երթևեկության անվտանգության ապահովման անհնարինության կապակցությամբ և Վրաստանի Հանրապետության «Դարյալ» հսկիչ անցակետի սահմանային ոստիկանության հեռագրին համապատասխան՝ դադարեցվել է Վլադիկավկազ-Լարս հատվածում երկու ուղղությամբ տրանսպորտային միջոցների երթևեկությունը՝ մինչև հատուկ հրահանգը», - ասել է Ստարչենկոն:

Նա ավելացրել է, որ եղանակային պայմանների պատճառով փակ է մնում Անդրկովկասյան մայրուղին, որը կապում է Ռուսաստանը Հարավային Օսեթիայի հետ:

Փակման մասին որոշումը ընդունվել է կիրակի Մոսկվայի ժամանակով ժամը 19:30-ին:

«Չդադարող առատ ձյան տեղումներով պայմանավորված վատ տեսանելիությունը թույլ չի տալիս հակաձնահյուսային ծառայությանը կրակել առավել վտանգավոր ձնահյուսային օջախների ուղղությամբ: Լեռնանցքում տիրող իրավիճակի կապակցությամբ ՌԴ ԱԻՆ գլխավոր վարչությունը Բուրոն գյուղի մոտակայքում կացարանային կետ է տեղադրել», - ասել է գործակալության զրուցակիցը:

ԱԻՆ-ից նշել են, որ օրվա ընթացքում Հյուսիսային Օսեթիայի բարձր լեռնային շրջաններում պահպանվում են անբարենպաստ եղանակային պայմանները, կա ձնահյուսերի առաջացման վտանգ: Բացի այդ, հանրապետության տարածքում սպասվում են շատ առատ տեղումներ ձյան տեսքով:

«Այս ամենի կապակցությամբ հնարավոր է ՃՏՊ-ների թվի աճի հետ կապված արտակարգ պատահարների առաջացում, տրանսպորտի աշխատանքի, կապի և էլեկտրահաղորդալարերի խափանում, ինչպես նաև ավտոճանապարհային ծառայությունների աշխատանքի խափանում», - ավելացրել է Ստարչենկոն:-0-