Մեդվեդևը հուսով է, որ ԵԱՄՖ-2011-ը ներդրում կկատարի միջազգային համագործակցության զարգացման գործում

21.11.2011, 11:02
Մեդվեդևը հուսով է, որ ԵԱՄՖ-2011-ը ներդրում կկատարի միջազգային համագործակցության զարգացման գործում
Մեդվեդևը հուսով է, որ ԵԱՄՖ-2011-ը ներդրում կկատարի միջազգային համագործակցության զարգացման գործում

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հուսով է, որ Եվրոպական և ասիական մեդիաների ֆորումի (ԵԱՄՖ-2011) նախաձեռնություններն ու նոր գաղափարները պահանջված կդառնան և էական ներդրում կկատարեն միջազգային հումանիտար համագործակցության զարգացման գործում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Երկուշաբթի ֆորումի բացման արարողության շրջանակներում ՌԴ նախագահի ողջույնի խոսքն ընթերցել է ՌԴ կապի և զանգվածային հեռահաղորդակցության փոխնախարար Ալեքսեյ Մալինինը:

«Հուսով եմ, որ ձեր ֆորումի նախաձեռնությունները պահանջված կլինեն գործնականում և էական ներդրում կկատարեն միջազգային հումանիտար զարգացման գործում: Մաղթում եմ ձեզ արդյունավետ բանավեճ և ամենայն բարիք», - նշվում է ՌԴ նախագահի ողջույնի խոսքում:

Մեդվեդևը նշել է, որ այժմ հեռահաղորդակցությունների և նոր տեխնոլոգիաների բուռն զարգացման պայմաններում ԶԼՄ-ների լսարանը էականորեն ավելացել է, այդ թվում նաև երիտասարդ սերնդի հաշվին, աճում է ինտերնետ-հրատարակությունների թիվը, բլոգերի հանրաճանաչությունը:

«Ավելի մեծ նշանակություն է ձեռք բերում լրագրողի աշխատանքի օպերատիվությունը: Կարևոր է, որպեսզի գլխավոր մասնագիտական չափորոշիչները ԶԼՄ-ների համար լինեն տեղեկատվության հստակությունն ու օբյեկտիվությունը: Եվ, իհարկե, ժամանակակից լրագրողները պետք է լայն մտահորիզոն ունենան՝ իրենց աշխատանքում ղեկավարվելով հանդուրժողականության և տարբեր ժողովուրդների ավանդույթների նկատմամբ հարգալից վերաբերմունքի սկզբունքներով», - նշել է ՌԴ նախագահը:

Նա ողջունել է ֆորումի բոլոր մասնակիցներին, «որն այս տարի անցկացվում է մեր բարեկամ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում» և մաղթել է արդյունավետ բանավեճ:
Եվրոպական և ասիական մեդիաների վեցերորդ  ֆորումը, որի անփոխարինելի կազմակերպիչը «ՌԻԱ Նովոստի» մեդիահոլդինգն է, անցնում է Աստանայում նոյեմբերի 21-22-ը՝ «Անկախության 20 տարի. ԶԼՄ-ներն ու հասարակությունը» նշանաբանի ներքո:

Ֆորումին կմասնակցեն ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի ԶԼՄ-ների ավելի քան 250 ներկայացուցիչներ, այդ թվում՝ ԶԼՄ-ների ղեկավարներ և հետխորհրդային տարածքի մեդիաարդյունաբերության ականավոր թոփ մենեջերներ, բլոգերներ, փորձագետներ, վերլուծաբաններ:

Որպես հատուկ հյուր Աստանայում կայանալիք Ֆորումին հրավիրված է կինոռեժիսոր Նիկիտա Միխալկովը:
ԵԱՄՖ-2011-ի ծրագիրը ներառում է լիագումար և սեկցիոն նիստեր, կլոր սեղաններ և նստաշրջաններ, ինչպես նաև նոր մուլտիմեդիոն ապրանքների շնորհանդես: Հատուկ նստաշրջանների ժամանակ կքննարկվեն այնպիսի սուր հարցեր, ինչպիսիք են սոցիալական ցանցերի գործունեության սոցիալական հետևանքները, մեդիա-արդյունաբերությունն անկայուն տնտեսության պայմաններում, ինտերնետրում մեդիայի վրա պետական կարգավորման ազդեցությունը, ինչպես նաև կքննարկվեն ազգային տեղեկատվական մոդելների առանձնահատկությունները:

Ֆորումի ծրագրին կարելի է ծանոթանալ հետևյալ ինտերնետային հասցեի միջոցով՝ ria.ru/mf_docs/20111102/478343977.html:

ԵԱՄՖ-2011-ի ինֆորմացիոն գործընկերներն են «Միր» միջպետական հեռուստառադիոընկերությունը, «Գոլոս Ռոսիի» ռուսական պետական ռադիոհեռարձակող ընկերությունը, «Նուռ մեդիա» մեդիահոլդինգը, «Ղազախստանսկայա պրավդա» հանրապետական թերթը, «Խաբար» հանրապետական հեռուստաալիքը, ինչպես նաև «Կազինֆորմ» լրատվական գործակալությունը:

ԵԱՄՖ-ն առաջին անգամ անցկացվել է «ՌԻԱ Նովոստի» գործակալության կողմից 2006 թ.-ին: Միջոցառման նպատակն է համախմբել նախկին ԽՍՀՄ հանրապետությունների լրագրողական միությունները: Այսօր ԵԱՄՖ-ն բացառիկ հարթակ է, որը միակն է հետխորհրդային տարածքում: Այն թույլ է տալիս ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի ԶԼՄ-ների ներկայացուցիչներին քննարկել և կանխատեսել մեդիաոլորտի զարգացման գործընթացները, ինչպես նաև փոխանակվել փորձով: Ֆորումին ավանդաբար մասնակցում են առաջատար քաղաքական և հասարակական գործիչներ:

Ֆորումի աշխարհագրությունը մշտապես ընդլայնվում է: Նախորդ տարի ԵԱՄՖ-ն անցկացվում էր Կիևում: Մինչ այդ չորս տարի անընդմեջ Մոսկվան էր ընդունում մեդիահանրության ներկայացուցիչներին: Այժմ էստաֆետը փոխանցվել է Ղազախստանի մայրաքաղաքին: ԱՊՀ 20-ամյակին Աստանան որպես ԵԱՄՖ-ի անցկացման հարթակ ընտրելը թույլ է կտա մի կողմից ընդգծել ԱՊՀ երկրների բազմակողմանի համագործակցության արդյունավետ բնույթը, մյուս կողմից՝ աջակցել անկախ պետությունների ԶԼՄ-ների իրավահավասար տեղեկատվական փոխգործակցության գաղափարին:-0-