ՌԴ քաղաքացու հետ տեղի ունեցած միջադեպից հետո Սոլովյովն առաջարկում է վիզային ռեժիմ մտցնել Ադրբեջանի հետ

02.11.2011, 13:21
ՌԴ քաղաքացու հետ տեղի ունեցած միջադեպից հետո Սոլովյովն առաջարկում է վիզային ռեժիմ մտցնել Ադրբեջանի հետ
ՌԴ քաղաքացու հետ տեղի ունեցած միջադեպից հետո Սոլովյովն առաջարկում է վիզային ռեժիմ մտցնել Ադրբեջանի հետ

Հայտնի ռուս հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովն առաջարկում է Ռուսաստանին վիզային ռեժիմ մտցնել Ադրբեջանի հետ այն բանից հետո, երբ ՌԴ քաղաքացի Սերգեյ Գյուրջյանին արգելել են մուտք գործել «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռ:

ՌԴ քաղաքացի Սերգեյ Գյուրջյանին Դոմոդեդովո օդանավակայանում չի թույլատրվել մուտք գործել «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռ: Նրան հասկացրել են, որ դրա պատճառը հայկական ազգանունն է: Սերգեյ Գյուրջյանը, ով «ԱվտոՎԱԶ» ՍՊԸ-ի արտահանման վաճառքների վարչության պետն է, պետք է Մոսկվայից մեկներ Բաքու՝ Lada ավտոսրահի բացմանը մասնակցելու նպատակով:

«Դրա համար էլ առաջարկում եմ ՌԴ քաղաքացիների, միգուցե նաև հայկական արմատներ ունեցողների հետ Ադրբեջանի խնդրի լուծման համար վիզային ռեժիմ սահմանել մեր երկրների միջև: Որպեսզի խնդիրներ չառաջանան, երբ մարդը դիմում է Ադրբեջանին այդ երկիր այցելելու համար, իսկ Ադրբեջանն, ինչպես ցանկացած այլ անկախ պետություն, ասում է. «Ոչ, Dուք մեզ համար անցանկալի անձ եք» և նրան վիզա չի տալիս: Դա նրանց իրավունքն է: Այդ դեպքում Ռուսաստանի Դաշնությունը ևս իրավունք չունի երկիր թողնել Ադրբեջանի քաղաքացուն», - ասել է Սոլովյովը  Вести.FM-ի եթերում հեռարձակվող «Առավոտը Վլադիմիր Սոլովյովի հետ. Լիարժեք կոնտակտ» ծրագրի ժամանակ:

Նրա խոսքերով՝ հաշվի առնելով քաղաքացիների անհամեմատելի հոսքերը, որոնք Ադրբեջանից գալիս են Ռուսաստան, և շատ քիչ քաղաքացիների թիվը, ովքեր Ռուսաստանից Ադրբեջան են մեկնում, նմանատիպ վիզային մոտեցումը բավականին գումար կբերի ՌԴ գանձարան և վայրկենապես կլուծի AZAL ընկերության և մյուսների բոլոր խնդիրները, «թե չէ, Աստված չանի, «Աէրոֆլոտ» էլ կներխուժեն հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիները»:

«Չեն ցանկանում ապրել որպես եղբայր ժողովուրդ, թող չապրեն: Թող ապրեն որպես հիանալի, անկախ, ազատ պետություն, վիզայով: Այս կերպ մենք կիմանանք, թե որքան ադրբեջանցի է մուտք գործում Ռուսաստան, ինչ են նրանք այստեղ անում, ինչու են այստեղ գտնվում: Նմա՞ն վերաբերմունք եք ցանկանում, խնդիր չկա: Ոչ մի խնդիր: Գուցե նմա՞ն կերպ է հարկավոր վարվել, գուցե ա՞յդ դեպքում նրանք երջանիկ կլինեն», - ասել է Սոլովյովը:

«Եթե ես ճիշտ եմ հասկանում, ապա ադրբեջանական կողմը մեզ կոչ է անում նման կերպ վարվել նաև Ռուսաստանում ապրող ադրբեջանցիների և նրանց բիզնեսի հետ: Արդյոք ճի՞շտ եմ հասկանում, որ այս ամենից հետո դուք, սիրելի ադրբեջանցիներ, նմանատիպ արձագանք ենք ակնկալում Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների կողմից», - ավելացրել է նա:

Նրա խոսքերով՝ վիրավորել են ոչ թե հայի, այլ Ռուսաստանի Դաշնությանն ու Ռուսաստանի Դաշնության ցանկացած քաղաքացու՝ անկախ էթնիկ, ազգային, կրոնական և այլ արմատներից:

«Դուք ու՞մ դեմ եք որոշել պայքարել, դուք՝ Լուժկովի օրոք այստեղ եկածներդ, շուկաներ ստեղծողներդ, մեր մշակույթի վրա թքողներդ... Դուք կորցրե՞լ եք ձեր հոտառությունը: Այժմ էլ ձեզ իրավունք եք վերապահում Ռուսաստանի Դաշնության տարածքում հրապարակավ զբաղվել խտրականությամբ Ռուսաստանի քաղաքացու նկատմա՞մբ: Ի՞նչ եք ձեզ թույլ տալիս: Թե՞ կարծում եք, որ ռուս մեծ ժողովուրդը, որը ձեզ գրկաբաց ընդունեց, հնարավորություն տվեց գումար վաստակել, այդ թվում նաև օրենքի խախտումներով, ինչի մասին վկայում են բազմիցս  հարուցված քրեական գործերը, ձեզ երբեք չհետապնդեց էթնիկ պատկանելության պատճառով և երբեք չհարցրեց՝ «Որտե՞ղից ես եկել և ո՞վ ես», այսինքն դուք համարժեք պատասխա՞ն եք ուզում», - ասել է Սոլովյովը:

Նա դիմել է յուրաքանչյուր ռուսաստանցու. այս ամենից հետո մենք ինչպե՞ս պետք է վերաբերվենք այդպիսի բիզնեսներին, այդպիսի ավիաընկերություններին: «Եվ ես հարց ունեմ ՌԴ ԱԳՆ-ին և նրանց, ովքեր զբաղվում են հավատարմագրմամբ. ինչո՞ւ ենք թույլ տալիս խախտել հնարավոր բոլոր օրենքներն ու այդպես անտաշ, արհամարհական վերաբերվել մեր քաղաքացուն: Եթե չեն հարգում Ռուսաստանի քաղաքացուն, դա նշանակում է, որ չեն հարգում նաև մեր մեծ տերությանը: Մենք, ի՞նչ է, պետք է համակերպվենք մեր նկատմամբ նման վերաբերմունքի հետ», - նշել է Սոլովյովը:-0-