Պուտինը նախագահի պաշտոնում չի ծրագրում կտրուկ փոփոխության ենթարկել այն, ինչ արել է Մեդվեդևը

18.10.2011, 12:12
Պուտինը նախագահի պաշտոնում չի ծրագրում կտրուկ փոփոխության ենթարկել այն, ինչ արել է Մեդվեդևը
Պուտինը նախագահի պաշտոնում չի ծրագրում կտրուկ փոփոխության ենթարկել այն, ինչ արել է Մեդվեդևը

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Վլադիմիր Պուտինը նախագահ ընտրվելու դեպքում 2012 թվականին մտադիր չէ կտրուկ փոփոխություններ կատարել այն աշխատանքում, որ կատարվել է ներկայիս նախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից:

«Եթե իշխանական փոխդասավորության մեր առաջարկած տարբերակն ընդունվի ընտրողների, քաղաքացիների կողմից, ապա ես, օրինակ, չեմ պատրաստվում որևէ կտրուկ փոփխություններ կատարել այն գործում, ինչ արդեն արվել է երկրի նախագահ Դմիտրի Անատոլևիչ Մեդվեդևի կողմից»,- հայտարարել է վարչապետը ռուսական երեք հեռուստաալիքներին տված հարցազրույցում, որը հեռարձակվել է երկուշաբթի, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Պետք է նայել, թե ինչպես այդ ամենը կաշխատի: Բայց այստեղ էլ ես, անկեղծ ասած, հեղափոխական ոչինչ չեմ տեսնում: Չէ՞ որ Դմիտրի Անատոլևիչը որպես նախագահ գործել է նաև սեփական պատկերացումներին համապատասխան՝ թե որն է լավ, և որն է վատ, ինչպես նաև երկրում ստեղծված իրավիճակին համապատասխան»,- ընդգծել է Պուտինը:

«Ռազմավարական հարցերում, երկրի զարգացման ռազմավարական բնույթի հարցերում մենք նույն մոտեցումներն ունենք: Բայց մենք նույն անձը չենք, մենք տարբեր մարդիկ ենք, և ինչ-որ փուլում Դմիտրի Անատոլևիչը համարեց, որ ավելի նպատակահարմար է քայլեր կատարել մեր հասարակական կյանքի որոշ լորոտների հումանիզացման ուղղությամբ: Դա նրա՝ որպես պետության ղեկավարի, իրավունքն է»,- նշել է վարչապետը:
Ըստ նրա, երկրի զարգացման որոշակի փուլում, երբ իշխանությունները բախվեցին «հսկա սպառնալիքների հետ» այնպես, որ «օրակարգում ընդգրկվեց նույնիսկ հենց ռուսական պետության գոյության մասին հարցը», այդ ժամանակ հարկ եղավ «ձգել մանեկները և կարգավորման կոշտ մեխանիզմներ ներդնել, նախևառաջ, քաղաքական ոլորտում»:

«Այլ կերպ չէր լինի, քանի որ ՌԴ սուբյեկտներում, նրանց կանոնադրություններում և սահմանադրություններում կար, ինչ ուզես, բացի մեկից՝ որ Դաշնության այդ սուբյեկտները Ռուսաստանի Դաշնության մի մասն են: Անշուշտ, մենք ստիպված էին կոշտ գործել»,- ասել է Պուտինը:

«Այժմ իրավիճակը փոքր-ինչ այլ է, և Դմիտրի Անատոլևիչն ընդունել է, ինչպես դուք ասեցիք, հասարակական կյանքի ազատականացման ահա այս որոշումները, այդ թվում՝ քրեական հետապնդման և քրեական դատական վարույթների ոլորտում: Մենք միասին կտեսնենք, թե ինչպես է դա աշխատում: Կարծում եմ, որ սրանք պարզապես մեր քաղաքական համակարգի զարգացման քայլեր են»,- ասել է նա: --0-