Ղրղզստանում ԱՄՆ ՏՓԿ-ի ճակատագիրը կորոշվի ՀԱՊԿ-ի շրջանակներում. վարչապետի պաշտոնակատար

17.10.2011, 14:17
Ղրղզստանում ԱՄՆ ՏՓԿ-ի ճակատագիրը կորոշվի ՀԱՊԿ-ի շրջանակներում. վարչապետի պաշտոնակատար

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ղրղզստանի մայրաքաղաքի «Մանաս» օդանավակայանում տեղակայված Պենտագոնի Տարանցիկ փոխադրումների կենտրոնի հետագա ճակատագիրը պետք է որոշվի ՀԱՊԿ-ի շրջանակներում, կարծում է Ղրղզստանի վարչապետի պաշտոնակատար Օմուրբեկ Բաբանովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Պենտագոնի ավիացիոն բազան տեղակայվել է 2001թ.-ին Ղրղզստանի միջազգային օդանավակայանում՝ Աֆղանստանի «Հարատև ազատություն» օպերացիայի շրջանակներում: Ավելի ուշ այն վերանվանվել է Տարանցիկ փոխադրումների կենտրոնի (ՏՓԿ), որն Աֆղանստանի մարտական գործողությունների վայրերում ԱՄՆ զինծառայողների և տեխնիկայի փոխանցման առանցքային կետն է համարվում:

«Մենք համաձայնագիր ունենք, որտեղ գրված է, որ մինչև 2014թ.-ը տվյալ ավիաբազան գտնվելու է «Մանաս» օդանավակայանում: Այդ ժամկետի լրանալուց հետո մենք հուսով ենք, որ Աֆղանստանում այդ ժամանակ դրությունը կկարգավորվի, և այնտեղ գտնվող ՆԱՏՕ-ի ուժերը երկրի անվտանգության հսկողությունը կփոխանցեն տեղի ուժերին»,- երկուշաբթի ռուսական տեղեկատվական գործակալություններին ասել է Բաբանովը:

Սակայն, եթե մինչև 2014թ.-ը դա տեղի չունենա, ապա, ըստ վարչապետի պաշտոնակատարի< «հետագայում ՏՓԿ-ի հարցը պետք է որոշվի ՀԱՊԿ երկրների միության շրջանակներում»: -0-