Մեդվեդև. Հարավային Օսեթիան ՌԴ կազմում ընդգրկելու որևէ նախադրյալ չկա

05.08.2011, 14:09
Մեդվեդև. Հարավային Օսեթիան ՌԴ կազմում ընդգրկելու որևէ նախադրյալ  չկա

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի.  /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանի կազմում Հարավային Օսեթիան ընդգրկելու համար որևէ իրավաբանական կամ փաստացի նախադրյալ չկա, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Ներկայում իրավաբանական որևէ նախադրյալ գոյություն չունի»,- ասել է Մեդվեդևը ռուսական «RT», վրացական «Առաջին տեղեկատվական կովկասյան» հեռուստաալիքին և «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում։

Ըստ նախագահի՝ անհնար է գուշակել, թե ինչ կլինի ապագայում։
«Այսօր ոչ իրավաբանական, ոչ փաստացի նախադրյալներ չկան։ Եվ դրա հետ էին կապված անկախության ճանաչման իմ հրամանագրերը»,- ասել է նախագահը՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է, արդյոք, Հարավային և Հյուսիսային Օսեթիայի միավորումը և Հարավային Օսեթիայի միացումը Ռուսաստանին։

Հյուսիսային Օսեթիայի առաջնորդ Թեյմուրազ Մամսուրովն օգոստոսի 2-ին հայտարարել է, որ Հարավային Օսեթիայի ժողովուրդը դրական կպատասխանի երկիրը Ռուսաստանի կազմում ընդգրկելու հարցին, եթե նման հանրաքվե անցկացվի։

Նրա խոսքով՝ Հարավային Օսեթիայի բնակիչները մեկ անգամ չէ, որ իրենց ռուսաստանցի են կոչել և ասել են, թե ցանկանում են մտնել Ռուսաստանի կազմի մեջ։ Նա միաժամանակ ընդգծեց, որ Հարավային Օսեթիան անկախ պետություն է, և միայն նրա ժողովուրդը կարող է որոշում կայացնել սեփական ապագայի մասին։

Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը դրանից մեկ օր առաջ «Սելիգեր-2011» երիտասարդական ֆորումի մասնակիցների հետ հանդիպմանը, պատասխանելով այն հարցին, հնարավոր է, արդյո՞ք, Հարավային Օսեթիայի միացումը Ռուսաստանին, հայտարարել է, որ դա կախված է հենց օսերից։

Օգոստոսի 8-ի գիշերը վրացական զորքը հարձակվել էր Հարավային Օսեթիայի վրա և ավերել մայրաքաղաք Ցխինվալիի մի մասը։ Ռուսաստանը, պաշտպանելով խաղաղ բնակիչներին, որոնցից շատերն ընդունել էին ՌԴ քաղաքացիություն, զորք էր մտցրել հանրապետություն և հինգ օր տևած ռազմական գործողություններից հետո դուրս էր հանել վրացական զինվորականներին տարածաշրջանից:

2008թ. օգոստոսի վերջին Ռուսաստանը ճանաչեց Հարավային Օսեթիայի և Աբխազիայի անկախությունը: Մոսկվայից հետո Աբխազիան և Հարավային Օսեթիան ճանաչեցին Նիկարագուան, Վենեսուելան և Նաուրու կղզի-պետությունը։ -0-