National Geogpraphic–ն ընդգրկել է Հայաստանը զբոսաշրջիկների ուշադրությանն արժանի լավագույն տասը վայրերի ցանկում
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. National Geogpraphic–ը ներկայացրել է տասը երկրներից բաղկացած ցանկ` առաջարկելով զբոսաշրջիկներին ուշադրություն դարձնել և ուսումնասիրել հենց այդ տուրիստական ուղղությունները։
Ցանկում առաջինը ներկայացված է Հայաստանը։ Հոդվածի հեղինակ Թարա Իզաբելլա Բերթոնը գրում է, որ Հայաստանն աշխարհի առաջին երկիրն է, որը 301 թ.–ին ընդունել է քրիստոնեությունը` որպես պետական կրոն։ Այն այսօր անվտանգ պետություն է` բուռն զարգացում ապրող տուրիստական ենթակառուցվածքով, որը, հիմնականում, ներկայացնում է Bed & Breakfast տիպի ընտանեկան հանգիստը։
Զարգացած է նաև ագրոտուրիզմը, որով զբաղվում են տուրիստների ներգրավմամբ հետաքրքրվող ընտանիքները։
Հայաստանի հնագույն եկեղեցիներն աշխարհում լավագույնս պահպանված կառույցներից են։ Նրանք սփռված են երկրով մեկ և «թաքնված են» կանաչավուն կիրճերում ու լեռների լանջերին։
Այն դեպքում, երբ քրիստոնեական այլ եկեղեցիները զարդարող որմնանկարները հիմնականում անհետացել են կամ ոչնչացվել, Գեղարդի վանքի քարե «առյուծները» և Սանահինի վանական համալիրի խաչքարերը հնագույն քաղաքակրթություններից մեկի ստեղծարար ուժի վկայություններն են։

Հայաստանի եկեղեցիները գրավում են նաև իրենց աշխարհագրական դիրքով։ Բազմաթիվ եկեղեցիներ և տաճարներ կարելի է հանդիպել ծաղիկներով լեփ–լեցուն հովիտներում և գունազարդ բլուրների վրա։

Իսկ սալիկապատ Դիլիջանն անվանում են «հայկական Շվեյցարիա»։

Զբոսաշրջիկների մեծ մասը սահմանափակվում է միայն Հայաստանի մայրաքաղաք Երևանով, սակայն ընդամենը մոտ 5–6 ժամվա ճանապարհի վրա է գտնվում գեղատեսիլ Գորիսը, որը շրջապատված է քարանձավներով և ժայռերով։ Հոդվածի հեղինակի խոսքով` այցելություն Հայաստանի «կանաչ հարավ» ավելի քան տպավորիչ է։
Ոլորապտույտ ճանապարհը տանում է դեպի Խնձորեսկ։
Եվս մի քանի րոպե ճանապարհ և կարելի է հայտնվել սարահարթի վրա գտնվող Տաթևում, որը թվագրվում է 9–րդ դարով։ Այն ժամանակին եղել է հայկական մշակույթի և կրթության կենտրոնը։

Տաթևում է գործում աշխարհի ամենաերկար ռևերսային ճոպանուղին։

Իսկ գիշերել կարելի է Գորիսում` գորիսեցի Խաչիկի տանը, որտեղ ընդամենը 20 դոլարով կարելի է համտեսել ազգային խոհանոցի անուշաբույր ճաշատեսակները և զմայլվել գեղատեսիլ տեսարաններով։
National Geogpraphic–ի ցանկում են ընդգրկվել նաև Նիկարագուան, Նեպալը, Իրանը, Կոսովոն, Ուզբեկստանը, Ալբանիան, Արևելյան Թիմորը, Վրաստանն ու Թունիսը։–0–

