Մշակույթի նախարարությունը պարզաբանել է Օրբելյանի ազատումն Օպերայի տնօրենի պաշտոնից

29.03.2019, 15:06
Օրբելյանը շարունակում է զբաղեցնել Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը։
Մշակույթի նախարարությունը պարզաբանել է Օրբելյանի ազատումն Օպերայի տնօրենի պաշտոնից
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Կոնստանին Օրբելյանը հեռացվել է Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից օրենքը խախտելու պատճառով, «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց Մշակույթի նախարարության իրավաբանական բաժնի պետ Անուշ Ղազարյանը։

Միաժամանակ, ինչպես նշվել է ավելի վաղ, Օրբելյանը շարունակում է զբաղեցնել Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը։

Նրա խոսքով, օրենքի տառին համապատասխան տնօրենը չի կարող այլ պաշտոն զբաղեցնել կամ այլ վարձատրվող աշխատանք ունենալ։

Ղազարյանը նշեց, որ Մշակույթի նախարարությունը բազմիցս բանավոր դիմել է Օրբելյանին պաշտոններից մեկն ընտրելու խնդրանքով, սակայն Օրբելյանը պատասխանել է, որ պատրաստ չէ հրաժարվել և ոչ մեկից։

Նա ասաց նաև, որ Օրբելյանին երկու անգամ գրավոր դիմում է ուղարկվել` այս տարվա հունվարին և փետրվարին։ Հերթական հրաժարումից հետո Մշակույթի նախարարությունը որոշում է կայացրել հեռացնել Օրբելյանին Օպերայի տնօրենի պաշտոնից։

«Հաշվի առնելով այն, որ ըստ օրենքի նախարարն իրավունք ունի ինչպես նշանակել, այնպես էլ ազատել տնօրենին, նախարարը դադարեցրել է Օրբելյանի լիազորությունները «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 15–րդ հոդված 3–րդ կետի հիման վրա»,– ասաց Ղազարյանը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հայաստանում իշխանափոխությունից հետո, Օրբելյանի և Մշակույթի նախարարության նոր ղեկավարության միջև լուրջ տարաձայնություններ են ի հայտ եկել: Մշակույթի նախարար Լիլիթ Մկունցը օգոստոսի 27-ին` իր գործունեության 100 օրվա արդյունքներով, մամուլի ասուլիսում նշել է թատրոնում լուրջ կառուցվածքային փոփոխությունների անհրաժեշտության մասին: Նա, մասնավորապես, նշել է թատրոնի գործունեության արդյունավետության բարձրացման հնարավորության մասին, եթե տնօրենի և գեղարվեստական ղեկավարի պաշտոնները զբաղեցնեն տարբեր մարդիկ:

Ի պատասխան Օրբելյանը հայտարարել էր, որ Մակունցի գաղափարը, իր կարծիքով, քիչ արդյունավետ է:

Աշխարհահռչակ դիրիժոր Հարրի Կոնստանտին Օրբելյանն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնում նշանակվել էր 2017 թվականի օգոստոսի 3–ին` այն ժամանակի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հրամանով։ -0-