Փաշինյան. «Մամուլը ժողովրդավարության ամենակարևոր ինստիտուտներից են»

16.10.2019, 20:13
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է հայկական մամուլի ներկայացուցիչներին մասնագիտական տոնի կապակցությամբ
Փաշինյան. «Մամուլը ժողովրդավարության ամենակարևոր ինստիտուտներից են»
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է հայկական մամուլի ներկայացուցիչներին մասնագիտական տոնի կապակցությամբ, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

«Հայ մամուլի սիրելի՛ ներկայացուցիչներ,
Սիրելի՛ լրագրողներ,
ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ Հայ մամուլի օրվա առթիվ: Այս օրն առիթ է ևս մեկ անգամ արժևորելու ձեր դերը, ձեր կատարած աշխատանքը, այդ թվում՝ Նոր Հայաստանի կերտման կարևորագույն գործում»,– ասել է վարչապետը։

Նրա խոսքով, մամուլը, խոսքի ազատությունը ժողովրդավարության ամենակարևոր ինստիտուտներից են, որոնց զարգացման գործում Հայաստանի կառավարությունը հետևողական է և շարունակելու է ամեն ինչ անել, որպեսզի հայրենիքը հստակ և վստահ շարունակի քայլել ժողովրդավարության ճանապարհով:

«Մեր քայլերի ապացույցներից է «Լրագրողներ առանց սահմանի» միջազգային հեղինակավոր կազմակերպության կողմից հրապարակված մամուլի ազատության ինդեքսում Հայաստանի աննախադեպ առաջընթացը. մեր երկիրը 19 կետով բարելավել է իր դիրքերը և զբաղեցրել 61-րդ հորիզոնականը»,– ավելացրել է նա։ -0-