Կոնստանտին Օրբելյանն ազատվել է Օպերայի տնօրենի պաշտոնից

29.03.2019, 13:13
Կոնստանտին Օրբելյանն ազատվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից:
Կոնստանտին Օրբելյանն ազատվել է Օպերայի տնօրենի պաշտոնից
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Կոնստանտին Օրբելյանն ազատվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի նախօրեի հրամանով։ Օրբելյանը, սակայն, կշարունակի զբաղեցնել գեղարվեստական ղեկավարի պաշտոնը։

Տեղեկությունը «Նովոստի–Արմենիա»–ին հաստատեց Օպերայի մամուլի ծառայությունը։

Գործակալության զրուցակիցը հայտնեց, որ լրացուցիչ տեղեկություն պաշտոնանկության վերաբերյալ կտրամադրի ավելի ուշ։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Հայաստանում իշխանափոխությունից հետո, Օրբելյանի և Մշակույթի նախարարության նոր ղեկավարության միջև լուրջ տարաձայնություններ են ի հայտ եկել: Մշակույթի նախարար Լիլիթ Մկունցը օգոստոսի 27-ին` իր գործունեության 100 օրվա արդյունքներով մամուլի ասուլիսին նշել է թատրոնում լուրջ կառուցվածքային փոփոխությունների անհրաժեշտության մասին: Նա, մասնավորապես, նշել է թատրոնի գործունեության արդյունավետության բարձրացման հնարավորության մասին, եթե տնօրենի և գեղարվեստական ղեկավարի պաշտոնները զբաղեցնեն տարբեր մարդիկ:

Ի պատասխան Օրբելյանը հայտարարել էր, որ Մակունցի գաղափարը,իր կարծիքով, քիչ արդյունավետ է:

Աշխարհահռչակ դիրիժոր Հարրի Կոնստանտին Օրբելյանն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնում նշանակվել էր 2017 թվականի օգոստոսի 3–ին` այն ժամանակի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հրամանով։ -0-