ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է ՀՀ սոցիալական ապահովության ծառայության Գավառի տարածքային բաժնի պետի կողմից կաշառք պահանջելու և ստանալու դեպքեր: Այս մասին հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը։
Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն, ՀՀ սոցիալական ապահովության ծառայության Գավառի տարածքային բաժնի պետը, պաշտոնեական կեղծ փաստաթղթեր պատրաստելով և դրանց օգտագործմամբ պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանում աշխատանքային ստաժի հետ կապված կեղծ տեղեկություններ մտցնելով՝ կենսաթոշակառուների առավել բարձր կենսաթոշակի գումարի չափն ապահովելու համար, վերջիններիցս 2019թ. հունվարից առ այսօր պահանջել և ստացել է յուրաքանչյուրից մինչև 300 հազար ՀՀ դրամի, ընդհանուր առմամբ՝ առանձնապես խոշոր չափերով 1.280.000 ՀՀ դրամի չափով կաշառք:
Загружается новость ... "Лево"
Ինչպես նշվում է հաղորդման մեջ, 2019թ. հունիսի 19-ին հերթական կաշառքը՝ 210 հազար դրամի չափով, ստանալու պահին նշված պաշտոնատար անձը և կաշառք տվողը բռնվել են ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից:
Գումարը հայտնաբերվել է քաղաքացու անձնագրի միջից: Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ համապատասխան հոդվածներով:
Նշված պաշտոնատար անձին մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: -0-