Հպարտ եմ, որ որդիս որոշեց մկրտվել Հայաստանում. Ազնավուրը` Տաթևից (ԼՈՒՍԱՆԿԱՐ)

01.06.2017, 17:19
Հայաստանում գտնվող աշխարհահռչակ շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրը նախօրեին այցելեց Տաթևի վանական համալիր:
Հպարտ եմ, որ որդիս որոշեց մկրտվել Հայաստանում. Ազնավուրը` Տաթևից (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում գտնվող աշխարհահռչակ շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրը նախօրեին այցելեց Տաթևի վանական համալիր, հայտնում է idea.am–ը։

Շառլ Ազնավուրը Հայաստանում է գտնվում «Ավրորա» համաշխարհային մարդասիրական նախաձեռնության շրջանակում։

Մաեստրոյին ուղեկցում էին որդին՝ Նիկոլա Ազնավուրը, երգչի ընկերներն ու գործընկերները։

Շառլ Ազնավուրի առաջին կանգառը «ՏաԹևեր» ճոպանուղու Հալիձոր կայանում էր։ «Տաթևատուն» ռեստորանի հարևանությամբ գտնվող դիտակետից մաեստրոն որդու հետ հիացավ Սյունիքի բնությամբ։

 - рис.1

Ինչպես հայտնում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կայքը, մաեստրոն անընդհատ գեղեցիկ կադրեր էր որսում իր տեսախցիկով։

Ազնավուրը որդու և ընկերների հետ ճոպանուղով ուղեւորվեց Տաթևի վանական համալիր, որտեղ հյուրերին սպասում էին Տաթևի վանքի վանահայր Տեր Միքայել վարդապետ Գեւորգյանը, տեղի բնակիչները, մի խումբ զբոսաշրջիկներ։

Վանքի Սուրբ Պողոս Պետրոս եկեղեցում կատարվեց Նիկոլա Ազնավուրի մկրտության արարողությունը՝ ձեռամբ վանահայր Տեր Միքայել վարդապետ Գևորգյանի։ Արարողությունն ուղեկցվում էր Տաթևի վանական երգչախմբի կատարումներով։

 - рис.2

«Ես շատ հպարտ եմ, որ որդիս՝ Նիկոլան, որոշեց մկրտվել Հայաստանում։ Ծնողներս այնքան երջանիկ կլինեին՝ իմանալով, որ երկու որդիներս՝ Միշան և Նիկոլան, մկրտվել են այստեղ՝ Հայաստանում՝ հավատարիմ մնալով իրենց արմատներին», - ասաց Շառլ Ազնավուրը։

 - рис.3

Նիկոլա Ազնավուրն իր հերթին ասաց, որ, չնայած, ծնվել է Ֆրանսիայում, սովորել է Շվեյցարիայում ու Կանադայում, բայց որքան մեծանում է, այնքան ուժեղ է կապվում հայկական արմատներին։

Загружается новость ... "Лево"

«Զրուցելով հորս, հորաքրոջս հետ, լսելով նրանց պատմությունները, ես վերադարձա ընտանիքիս արմատներին։ Սկսել եմ հայերեն սովորել։ Այս ամենից հետո զգացի, որ ցանկանում եմ մկրտվել հենց Հայաստանում»,- ասաց Նիկոլա Ազնավուրը։

«ՏաԹևեր» ճոպանուղին ամենաերկար հետադարձելի ճոպանուղին է ամբողջ աշխարհում: Այն Գինեսի ռեկորդ է սահմանել ոչ միայն ամենաերկար հետադարձելի, այլ նաև ամենակարճ ժամկետներում (10 ամսում) կառուցված ճոպանուղին լինելու համար: -0-