Պատրաստ է «Եվրատեսիլ 2016»-ի հայկական տեսաբացիկը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

31.03.2016, 22:30
Նախորդ շաբաթ տեսաբացիկ է նկարահանվել, որը կցուցադրվի «Եվրատեսիլ 2016»-ի երգի միջազգային մրցույթի հայ մասնակից Իվետա Մուկուչյանի ելույթից առաջ:
Պատրաստ է «Եվրատեսիլ 2016»-ի հայկական տեսաբացիկը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Նախորդ շաբաթ տեսաբացիկ է նկարահանվել, որը կցուցադրվի «Եվրատեսիլ 2016»-ի երգի միջազգային մրցույթի հայ մասնակից Իվետա Մուկուչյանի ելույթից առաջ:

Ըստ ավանդույթի, բացիկը հակիրճ և հետաքրքիր տեղեկություններ է ներկայացնում մասնակիցների և նրանց երկրների մասին: Բացիկը պատրաստելու համար Շվեդիայից Հայաստան է ժամանել պրոֆեսիոնալ նկարահանման խումբ, իսկ նկարահանումներն իրականացվել են Հայաստանը խորհրդանշող վայրերում:


«Մենք բացիկ ենք նկարահանում, որը շատ մեծ նշանակություն ունի, քանի որ հնարավորություն է ընձեռում ներկայացնել երկիրը և երգչին: Թեև եղանակն այդքան էլ բարեհաճ չէր, բայց Հայաստանն այնքան գեղեցիկ է, որ նույնիսկ վատ եղանակային պայմաններում գեղեցիկ կադրեր են ստացվել»,- ասաց Մուկուչյանը:

Նկարահանման խմբի անդամներն իրենց հերթին ասել են, որ շատ են հավանել Հայաստանն ու նրա բնակիչներին, ինչպես նաև բարձր են գնահատել Հայաստանի ներկայացուցչի պրոֆեսիոնալ և մարդկային որակները:

«Եվրատեսիլ-2016»-ը կկայանա մայիսի 10-ին, 12-ին և 14-ին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում: Հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակչում:

Ելույթների ճշգրիտ հերթականությունը հայտնի կդառնա մարտին։ Այս տարի «Եվրատեսիլ»-ին կմասնակցեն 43 երկրների ներկայացուցիչներ: Մրցույթի այս տարվա կարգախոսն է Come together (Միավորվենք): -0-