Հայաստանը պետք է պատրաստ լինի Ադրբեջանի արկածախնդրություններին. Քոչարյան

12.05.2016, 15:45
Հայաստանը պետք է միշտ պատրաստ լինի նոր ադրբեջանական արկածախնդրություններին:
Հայաստանը պետք է պատրաստ լինի Ադրբեջանի արկածախնդրություններին. Քոչարյան
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը պետք է միշտ պատրաստ լինի նոր ադրբեջանական արկածախնդրություններին, հինգշաբթի լրագրողներին ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

«Չնայած, որ Ադրբեջանի բլիցկրիգը ձախողվել է, և այդ երկիրը հայտնվել է որոշակի ճնշման տակ, նրա դիրքորոշումը չի փոխվել: Այսօր լրանում է 1994 թ.-ից գործող զինադադարի համաձայնագրի կնքման 22 տարին: Մինչ օրս Ադրբեջանն օգտագործել է ողջ բանակցային գործընթացը որպես ծածկոց, ապատեղեկատվություն և քարոզչություն է տարածել, զինվել է և նախապատրաստվել հակամարտության ուժային լուծման», - ասաց Քոչարյանը:

Նրա խոսքով, ապրիլյան իրադարձություններն ապացուցել են դա: Քոչարյանն ավելացրեց, որ այսօր առաջնային խնդիր է հրադադարի ռեժիմի ամրապնդումը:

Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։-0-