Fact check վարչապետից. Փաշինյանը մեկնաբանել է տված խոստումները

19.04.2019, 21:39
Fact check վարչապետից. Փաշինյանը մեկնաբանել է տված խոստումները:
Fact check վարչապետից. Փաշինյանը մեկնաբանել է տված խոստումները

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–յան էջի ուղիղ եթերում պատասխանում է քաղաքացիների հարցերին։

Եթերի ժամանակ նա անդրադարձել է նաև իր տված խոստումներին՝ նշելով, որ դրանց մեծ մասը կատարվել է, հիմնականում՝ 100 տոկոսով։

Մասնավորապես, նա նշել է կադրային ջարդ չանելու իր խոստումը։

«Այս խոստումը 100 տոկոսով լիարժեք կատարվել է։ Մենք կառավարման համակարգում մեկ միլիմետր անգամ չենք շեղվում դրանից։ Այսօր պետական կառավարման համակարգի 97%-ը նույն մարդիկ են։ Սա շատ դեպքերում մեզ համար խնդիր է։ Մեզ դրա համար քննադատում են, բայց մենք համարում ենք, որ սա ճիշտ ճանապարհ է, որովհետև իսկապես մեր հեղափոխությունը սոցիալիստական մեծ հեղափոխությունը չի», – նշել է ՀՀ վարչապետը։

Փաշինյանն անդրադարձել է նաև այն խոստմանը, որ պետբյուջեն երկու տարում 30-40%–ով ավելացնելու է։

«Հիմա այդ խոստումը կատարո՞ւմ ենք, թե՞ չենք կատարում։ Ես այս թեմային անդրադարձել եմ, արդեն 2019-ի բյուջեով 2018-ի նկատմամբ եկամտային մասը 10 տոկոսի աճ է ունեցել։ Արդեն ասել եմ, որ այս տարի գնում ենք պետական բյուջեի եկամտային մասի գերակատարման։ Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ մի 4-5%–ով առնվազն կգերակատարենք։ Ես չեմ ուզում ավելի լավատեսական կանխատեսումներ անել, բայց մենք գնում ենք այս խոստման կատարմանը։ Այս պահի դրությամբ այդ խոստումը 90 տոկոսով կատարված է», – ընդգծել է ՀՀ վարչապետը։

«Խոստացել եմ, որ Սաշիկի արագաչափերի բոլոր չվճարված տուգանքները պետք է զրոյացվեն։ Մենք դա արել ենք, համաներում ենք իրականացրել, որտեղ 13 մլրդ գումարները ներվել են։ Խոստացել եմ, որ պետք է փոխվեն տնտեսական հարաբերությունները, վերացվեն մենաշնորհները։ Սա 100 տոկոսով կատարվել է», – նշել է Փաշինյանը։

«Մեկ տարի առաջ ոչ ոք չէր հավատա, որ նման բան հնարավոր է։ Այն բոլոր խոստումները, որ ես տվել եմ, պետք է լինի իմ գործունեության ուղենիշը», – ավելացրել է Փաշինյանը։–0–