Երևանի քաղաքապետարանը պատասխանել է Sanitek–ին. ավելի վատ լինել չի կարող. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ

28.08.2019, 18:47
Sanitek ընկերությունը չէր կարող ավելի վատ պայմաններ ստեղծել Երևանի համար, քան առկա պայմաններն են։
Երևանի քաղաքապետարանը պատասխանել է Sanitek–ին. ավելի վատ լինել չի կարող. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Sanitek ընկերությունը չէր կարող ավելի վատ պայմաններ ստեղծել Երևանի համար, քան առկա պայմաններն են։ Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը մեկնաբանեց մատուցվող ծառայությունների վատթարացման մասին աղբահանության օպերատորի հայտարարությունը։

Sanitek ընկերությունը հայտնել է, որ շահագրգիռ մարմինների կողմից հետևողականորեն իրականացվող ռազմավարության և ընկերության ֆինանսական վիճակի վրա շարունակական ճնշումների արդյունքում վերջնականապես վտանգված է «Սանիթեքի» կողմից ծառայաթյունների մատուցումը։ Նշվում է նաև, որ ֆինանսական ճնշումների արդյունքում ընկերությանը վճարվող գումարից պահվել է ավելի քան 300 միլիոն դրամ (շուրջ 630 հազ դոլար)։

«Sanitek–ը չէր կարող ավելի վատ պայմաններ ստեղծել Երևանի համար, քան արդեն գոյություն ունեցող վիճակն է մի քանի ամսվա կամ տարվա ընթացքում։ Ես չէի մեկնաբանի ընկերության հայտարարությունը»,– ասաց Կարապետյանը։

Загружается новость ... "Лево"

Խոսելով տուգանքներից և ընկերությանը վճարվող գումարների պահումից դժգոհության մասին`մամուլի քարտուղարը հիշեցրեց ծառայությունների մատուցման գործող պայմանագրի մասին։

«Sanitek–ի նշած բոլոր տուգանքներն ու պահումները կատարվել են պայմանագրին համապատասխան»,– ասաց նա։

Արդեն մի քանի ամիս է` երևանցիները վրդովմունք են հայտնում քաղաքում աղբի մեծ կուտակումների կապակցությամբ և դժգոհում են համապատասխան ծառայությունների, մասնավորապես, աղբահանության օպերատոր Sanitek ընկերությունից։

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը բազմիցս հրապարակայնորեն իր դժգոհությունն է հայտնել Sanitek ընկերության աշխատանքից, ընդգծելով, որ երևանցիներն այլևս չեն կարող հանդուրժել այս որակի աշխատանքը։ -0-