ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Նախօրեին բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերում (110 կՎ) տեղի ունեցած վթարային անջատման հետևանքով Հայաստանի ԱԷԿ-ում աշխատել է դիֆերենցիալ պաշտպանության համակարգը: Արդյունքում ԷՀԳ 110 կՎ երկրորդ հաղորդաձողերի դիֆերենցիալ պաշտպանությունն ամբողջությամբ հոսանքազրկել է ԱԷԿ-ի 110 կՎ ենթակայանը և առաջին բլոկի էլեկտրասնուցումը:
Այդ մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնել է Հայաստանի վարչապետի խորհրդական Շուշան Սարդարյանը:
Ժամը 16:05-ին բլոկ-գեներատոր-տրանսֆորմատոր դիֆերենցիալ պաշտպանությամբ անջատվել է նաև Т-3 բլոկային տրանսֆորմատորը, ինչի հետևանքով ԱԷԿ-ը մասամբ բեռնաթափվել է:
Իրավիճակի մասին անհապաղ զեկուցվել է վարչապետ Կարեն Կարապետյանին:
Էլեկտրաէներգետիկ համակարգի օպերատորի հրամանով բեռնավորվել է Հրազդանի ՋԷԿ-ի երրորդ էներգաբլոկը: Հայաստանի և Վրաստանի միջև գործող «Վթարային իրավիճակներում էլեկտրաէներգիայի մատակարարման» միջկառավարական պայմանագրին համապատասխան, էլեկտրաէներգիայի պակասը լրացվել է Վրաստանից:
«Բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի» աշխատակիցների ջանքերով վթարը հայտնաբերվել և վերացվել է, և ժամը 18:20-ին Բջնու գծով էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվել է:
Ներկայում ԱԷԿ-ն աշխատում է ամբողջական բեռնման ռեժիմում: Համակարգի մատակարարումն էլեկտրաէներգիայով կատարվում է ողջ ծավալով: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում