Այսուհետ Հայաստանում ինսուլտի բուժումն անվճար է. Արսեն Թորոսյան

31.01.2019, 14:30
Այսուհետ Հայաստանում ինսուլտի բուժումն անվճար է։
Այսուհետ Հայաստանում ինսուլտի բուժումն անվճար է. Արսեն Թորոսյան

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում իշեմիկ ինսուլտի վիրահատությունները վաղվանից կկատարվեն պետպատվերի շրջանակում, հինգշաբթի կառավարության նիստում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: 

Ըստ նրա, փետրվարի 1-ից երկրում մեկնարկում է գլխուղեղի անոթների իշեմիկ ինսուլտի բուժման ծրագիրը, և վիրահատությունները կկատարվեն պետպատվերի շրջանակում:

«Պետպատվերը կիրականացվի երկու բժշկական հաստատություններում: Սուր իշեմիկ ինսուլտի ժամանակ կանցկացվի թրոմբոլիտիկ բուժում` (թերապիայի հատուկ միջոց` ուղղված օրգանիզմում գոյացած թրոմբների ոչնչացմանը և շտապ  հեռացմանը) և ուղեղի անոթների ստենտավորում», - ասաց Թորոսյանը:

Նա նշեց, որ նման վիրահատության արժեքը կազմում է 1-4 մլն դրամ, սակայն Հայաստանում բժշկական ցուցումների առկայության դեպքում այն կանցկացվի անվճար:

Պետպատվերը կգործի Երևանի երկու հիվանդանոցներում` «Էրեբունի» ԲԿ-ում և «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում, քանի որ այլ հիվանդանոցներում չկան համապատասխան պայմաններ:

Նմանատիպ ծրագիր Հայաստանում գործում է սրտի ստենտավորման վիրահատությունների համար, նման ծառայություններ տրամադրվում են 11 բժշկակական կենտրոններում:-0-