Ապրիլյան պատերազմի մասնակից 475 ուսանողներ ուսման վարձի զեղչ են ստացել

03.02.2017, 12:31
Բանակից զորացրված այն ուսանողները, ովքեր 2016 թ. ապրիլի 2-5-ը մասնակցել են մարտական գործողություններին, ստացել են ուսման վարձի առնվազն 50 տոկոս զեղչ:
Ապրիլյան պատերազմի մասնակից 475 ուսանողներ ուսման վարձի զեղչ են ստացել
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Բանակից զորացրված այն ուսանողները, ովքեր 2016 թ. ապրիլի 2-5-ը մասնակցել են մարտական գործողություններին, ստացել են ուսման վարձի առնվազն 50 տոկոս զեղչ, տեղեկացնում է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը։

Գերատեսչության հաղորդագրության համաձայն, վարձավճարի զեղչման համար հիմք է ծառայել զինգրքույկում մարտական գործողություններին մասնակցելու վերաբերյալ գրառումը: 2016-17 ուսումնական տարվա առաջին կիսամյակի համար հայկական բուհերի 475 ուսանողների համար կատարվել է վերոնշյալ զեղչը:

Որպես կանոն՝ բուհերն ուսման վարձի զեղչերի կիրառման ժամանակ սահմանում են նաև միջին որակական գնահատականի՝ ՄՈԳ-ի նվազագույն շեմ ապահովելու պահանջ: Այս պահանջը, սակայն, ապրիլյան պատերազմի մասնակիցների վրա չի տարածվել, և վերջիններս ուսման վարձի զեղչից օգտվել են:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսման վարձավճարի զեղչերն արվում են ըստ կիսամյակների: Երկրորդ կիսամյակի արդյունքները կամփոփվեն մինչև ապրիլ:

«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ այն ուսանողները, ովքեր իրականացրել են մարտական հերթապահություն (նրանք զինգրքույկում պետք է ունենան մարտական հերթապահության մասին գրառում և համապատախան կնիք), ստանում են ուսման վարձի 30 տոկոս զեղչ՝ ըստ ՄՈԳ-ի:

«Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից և ծառայության ընթացքում մարտական հերթապահություն իրականացրած ուսանողներն ուսման վարձի զեղչից օգտվելու համար պետք է դիմեն բարձրագույն ուսումնական հաստատություն», - նշվում է հաղորդագրության մեջ:

Ապրիլի 2-ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ակտիվ մարտական գործողություններ է վարել` գնդակոծելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիրքերն ու բնակավայրերը շփման գծի գրեթե ողջ երկայնքով հրթիռահրետանային զենքի, զրահատեխնիկայի և ավիացիայի կիրառմամբ։ ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի ագրեսիվ գործողությունները` պատճառելով թշնամուն կենդանի ուժի և տեխնիկայի մեծ կորուստներ։ -0-