Փաշինյանը պարզաբանեց Facebook–ում արված իր աղմկահարույց գրառումը` կոչ անելով մանիպուլյացիայի չենթարկել հայտարարությունները (ՎԻԴԵՈ)

16.11.2020, 12:55
Փաշինյանը պարզաբանեց Facebook–ում արված իր աղմկահարույց գրառումը` կոչ անելով մանիպուլյացիայի չենթարկել հայտարարությունները. ՎԻԴԵՈ
Փաշինյանը պարզաբանեց Facebook–ում արված իր աղմկահարույց գրառումը` կոչ անելով մանիպուլյացիայի չենթարկել հայտարարությունները (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երկուշաբթի պատասխանելով ԶԼՄ–ների հարցերին, պարզաբանել է իր աղմկահարույց գրառումը Facebook-յան էջում, որը շատերը գնահատել էին որպես քաղաքացիական պատերազմի հնարավոր կոչ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին երեկոյան կատարել է հետևյալ գրառումը. «Առաջնագծի զինվորների տասնյակ տեսանյութեր դիտեցի այսօր։ Ապշած եմ տղաների խորագիտությունից։ Տղերք՝ դուք ճիշտ եք։ Սպասում եմ ձեզ Երեւանում։ Վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը։ Հպարտ եմ ձեզանով»։


Հանդիպում զինծառայողների հետ

«Մեր հանրությունը հասկանալի պատճառներով բավականին լարված է, և երեկվա գրառման հետ կապված կարող եմ ասել, որ մի շարք արձագանքներ ի ցույց դրեցին, թե ինչպես է հատկապես լարվածության այս շրջանում մանիպուլյատիվ մեխանիզմներ գործում։ Եվ դա հասկանալու համար ես առաջարկում եմ ուղղակի մենք ընթերցենք ես ինչ եմ գրել և տեսնենք ինչի մասին է գրառումը», – ասաց Փաշինյանն առցանց ասուլիսի ժամանակ։

Նա պարզաբանեց, որ դիտել է տասնյակ տեսանյութեր, քանի որ նոյեմբերի 9-ից, հայտնի իրադարձություններից հետո (Արցախի հարցով համաձայնագրի ստորագրում) առաջնագծից կամավորներ, զինվորներ տեսանյութեր են ձայնագրում և հրապարակում համացանցում, որտեղ աջակցության խոսքեր են ասում կառավարության հասցեին և տալիս որոշ գնահատականներ և վերլուծություններ:

ՀՀ վարչապետը նշեց, որ հայտարարել է, որ ապշած է տղաների խորագիտությունից։ Շատ դեպքերում այնտեղ հնչում են շատ խորը վերլուծություններ, և այդ վերլուծությունների համար հիմք են հանդիսանում այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել հենց այդ տղաների, զինվորների աչքի առաջ:

Загружается новость ... "Лево"

««Տղերք, դուք ճիշտ եք» արտահայտությամբ, այսինքն շատ իրադարձությունների իրենց մեկնաբանության հետ ես համաձայն եմ։ «Սպասում եմ ձեզ Երևանում: Ահա այս նախադասությունն է, որ շատերին հիմք է տվել ասելու, թե այստեղ քաղաքացիական պատերազմի և բախումների կոչ կա: Եթե մեր սիրելի հայրենակիցներն ուշադիր լինեն, հայտնի իրադարձություններից հետո հենց համացանցում երևում է, որ այդ զինվորներից շատերը զորացրվում են և վերադառնում են իրենց ընտանիքներ։ Եվ այդ մարդկանցից շատերը խմբեր, նույնիսկ ջոկատներ, ինձ ուղերձներ են հղում, որ ուզում են հանդիպել ինձ հետ, և ես հարկ եմ համարել էսպես հրապարակային արձագանքել, որ իրենց հետ հանդիպումն, իհարկե, կկազմակերպեմ և կքննարկենք հարցեր», – ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով, «Վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը» արտահայտությունն, իհարկե, բավականին կոշտ ձևակերպում է, բայց այս արտահայտությունը նաև պաշտոնական մարմիններ են օգտագործում իրենց հայտարարություններում։

«Սա նշանակում է, որ առաջնագծի զինվորների վերադարձից հետո և նրանց հետ խոսակցության ընթացքում վերջնականորեն կմարեն բոլոր այն խոսակցությունները, որոնք շատ ակտիվ շրջանառության մեջ են դրվում, որոնք այն մասին են, թե ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը ինչ-որ դավադրությունների մեջ է ներքաշված եղել: Ո՞վ, եթե ոչ ռաջնագծում գտնված զինվորը գիտի այդ հարցի պատասխանը: Ինձ համար շատ կարևոր է շփվել այդ տղաների հետ, լսել նրանց գնահատականները», – ընդգծեց Փաշինյանը։

Загружается новость ... "Право"

Առաջնագծից ոչ մեկ Հայաստան և Երևան չի վերադառնում զինված

Ինչ վերաբերում է հնարավոր բախումներին, ապա, վարչապետի խոսքով, առաջնագծից ոչ մեկ Հայաստանի Հանրապետություն և Երևան չի վերադառնում զինված։

«Դրված են հատուկ անցագրային կետեր, որտեղ գտնվող իրավապահների ներկայացուցիչները` Ռազմական ոստիկանություն, ոստիկանույուն, ԱԱԾ, այդ խմբերին ուղեկցում են զորամասեր, այնտեղ նրանք իրենց զենքը սահմանված կարգով հանձնում են։

Նրա խոսքով, նա երեկ այս թեմայով հերթական զրույցն է ունեցել ռազմական ոստիկանության պետի հետ, «որպեսզի բացառենք որևէ մեկի կողմից զենքերով մայրաքաղաք Երևան հասնելը»:

«Հիմա իրավիճակն այնպիսին է, որ խոսքը կարող են մեկնաբանել տասնյակ ձևերով։ Իհարկե, այստեղ նուրբ հարց կա, որ առաջնագծից հրպարակված տեսանյութերի մեջ երբեմն շատ կոշտ բառապաշար է հնչում, և, իհարկե, դա մտահոգիչ է: Բայց ես ուզում ուշադրություն դարձնել մի փաստի վրա, թե նաև ինչը կարող է դրա պատճառը լինել։ Մենք բոլորս տեսանք, թե ինչ տեղի ունեցավ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Երևանում. հարձակման ենթարկվեց կառավարության շենքը, ջարդուխուրդ արվեց, ԱԺ շենքը և Կոնդի առանձնատների ՊՈԱԿ-ը: Եվ ես ուզում եմ ձեր ուշադրությունը դարձնել այն փաստին, որ այդ բռնությունները քաղաքական ուժերի կողմից դատապարտման չարժանացան: Սա շատ կարևոր հանգամանք է: Նույնիսկ ՄԻՊ-ը այդ հարձակումները չդատապարտեց: Սա շատ կարևոր հանգամանք է։ Եվ դատապարտման խոսքեր հնչեցին առաջնագծում գտնվող զինվորների կողմից։ Եվ այս համատեքստում շատ կարևոր եմ համարում, որ իհարկե, Հայաստանում պետք է բացառենք ատելության խոսքը, քաղաքացիական բախումները: Ի՞նչ քաղաքացիական պատերազմ, ո՞վ է ընդհանրապես դրա մասին խոսում», – ասաց Փաշինյանը։

ՀՀ վարչապետն ընդգծեց, որ ՀՀ իրավապահ համակարգը, ոստիկանությունը, ԱԱԾ–ն ունեն բավարար ներուժ նման բան թույլ չտալու համար։

Չկա որևէ դավադրություն

Պատասխանելով իր իսկ հարցադրմանը, թե ինչու այդ ամենը նոյեմբերի 9-ի գիշերը չկանխվեց և չկանխարգելվեց` Փաշինյանը նշեց. «Շատ պարզ պատճառով, որովհետև նույն ոստիկանության զորքերը, ԱԱԾ-ն, նույնիսկ պետական պահպանության ծառայության մի շատ հսկայական հատված գտնվում էր առաջնագծում»:

«Իշխանությանը կամ կառավարությանը որ դավադրության մեջ են մեղադրում, դավադրության գնացող կառավարությունը ԱԱԾ-ին, ոստիկանությանն ու պետական պահպանության ծառայությանն ուղարկում է հայրենիքի սահմանները պաշտպանելու, ինքն իրեն անպաշտպան վիճակում թողնելով` դավադրությունների մե՞ջ է մտնում։ Իմ գրառման հետ կապված շահարկումները համարում եմ անտեղի, բացարձակապես անտեղի: Ես համարում եմ, որ առաջնագծից զորացրվող զինվորները նույնպես կարծիք ունենալու իրավունք ունեն: Եթե ուզում են ինձ հետ հանդիպել դահլիճային պայմաններում, և ես համաձայն եմ նրանց հետ, դրա մեջ դատապարտելի որևէ բան կա: Նրանք են չէ՞ ճշմարտության կրողը իրադարձությունների մասին: Եթե պարզվի, որ դավադրություն է եղել կամ կա դավադրություն, թող բացահայտվի, բոլոր մեղավորները պատժվեն: Բայց, կներեք, Երևանից հեշտ չի գնահատական տալ նրանց համար, ովքեր ամբողջական ինֆորմացիային չեն տիրապետում։ Այն, որ ռազմաքաղաքական դավադրություն չկա, ես դրանում համոզված եմ, բայց ինձ պետք է լսել նաև այդ տղաներին, որովհետև այնտեղ ինչ–որ դրվագների մասին են խոսում, պարզաբանենք, հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել, ինչու է տեղի ունեցել, և արդյոք կան մեղավորներ, որոնք պետք է պատժվեն։ Ի՞նչ է նշանակում քաղաքացիական պատերազմի կոչ, երկրի վարչապետը քաղաքացիական պատերազմի կոչ է անո՞ւմ: Որտե՞ղ ա ըտենց գրված: Չի կարելի նման մանիպուլյատիվ մոտեցում ցուցաբերել», – ասաց Փաշինյանը։

Ռազմական դրությունն ուժի մեջ է

Նա նաև նշեց, որ, եթե առաջնագծի զինվորներին ներգրավելու, ներքաշելու խնդիր լինի, կառավարությունը բոլոր լծակներն ու լիազորություններն ունի։

«Ռազմական դրության ռեժիմը հնարավորություն է տալիս նաև Զինված ուժերին ներգրավելու` աջակցելու հասարակական կարգը պահպանելուն: Դրա համար սոցիալական ցանցում գրառում անելու անհրաժեշտություն կա՞, եթե նույնիսկ այդ տրամաբանությամբ նայենք: Ես հույս ունեմ, որ մեր հայրենակիցները ճիշտ են հասկացել, և նրանք, ովքեր ճիշտ չեն հասկացել իմ գրառումը, հույս ունեմ այս պարզաբանումից հետո կվերանայեն իրենց գնահատականը», – ասաց Փաշինյանը։–0–