ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Մայիսի 28-ին, ժամը 10:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում նաև դիպուկահար հրացաններից, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Վահանի Վարդանյանը: Զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր: Պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է, նախօրեին հաղորդել էր ՀՀ ՊՆ-ն:
Ինչպես նշվում է ՊՆ-ի այսօրվա հաղորդագրության մեջ, չնայած բժիշկների կողմից գործադրված բոլոր ջանքերին, մայիսի 28-ին հրազենային վիրավորում ստացած շարքային Դավիթ Վահանի Վարդանյանի կյանքը փրկել չի հաջողվել:
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում