Հայաստանում մահացությունն աճել է 4,9%–ով

08.05.2024, 11:24
Հայաստանում հունվար–մարտին մահացել է 7 104 մարդ, աճը կազմել է 4,9%
Հայաստանում մահացությունն աճել է 4,9%–ով
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանում 2024թ․–ի հունվար–մարտին մահացել է 7 104 մարդ, ինչը 4,9%–ով ավել է 2023թ․–ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Այս մասին են վկայում ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։

Մարդկանց կեսից ավելին (55,9%-ը կամ 3972 մարդ) մահացել է արյան շրջանառության համակարգի հիվանդությունների պատճառով, այս ցուցանիշը 6,5%-ով ավելի է 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։

Մահացության պատճառների թվում երկրորդ տեղում նորագոյացություններն են (18,3% կամ 1299 մարդ, աճը՝ 4,1%)։

Մահվան այլ պատճառներից են նաև շնչառական օրգանների հիվանդությունները (10,2% կամ 726 մարդ, աճը 6,9%), մարսողական օրգանների հիվանդությունները (5,2% կամ 372 մարդ, աճը 10,1%), հիվանդացության և մահացության արտաքին պատճառները (3.4% կամ 239 մարդ, նվազումը՝ 4.8%), էնդոկրին համակարգի հիվանդությունները (1.7% կամ 120 մարդ, աճը՝ 0.8%)։