Հայաստանի երկնքում գունեղ աստղաթափ է սպասվում
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Ս. թ. օգոստոսի 10, 11, 12-ին ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում կարելի է ականատես դառնալ շատ գեղեցիկ երկնային երևույթի՝ Պերսեիդների ասուպային հոսքի, հաղորդում են Բյուրականի աստղադիտարանի մամուլի ծառայությունից:
Երկնային այս երևույթի կապակցությամբ Բյուրականի աստղադիտարանում հնարավոր է մասնակցել «Վտանգավոր աստղակերպեր» խորագրով դասախոսությանը, որը կվարի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը, իսկ ուշ երեկոյան` կատարել մոլորակների և այլ երկնային մարմինների դիտումներ:
Ի՞նչ է ասուպային հոսքը
Երկիր մոլորակն Արեգակի շուրջն իր տարեկան պտույտի ժամանակ անցնում է մի շարք երկնաքարերի կույտերի միջով՝ արդյունքում առաջացնելով ասուպային հոսքեր: Շատերն այս երևույթը նմանեցնում են աստղաթափի: Առանձնահատուկ ինտենսիվ հոսքերը հայտնի են ասուպային (աստղային) անձրևներ, ասուպային բռնկումներ, ասուպային փոթորիկներ կամ «աստղաթափեր» անվանումով: Նման դեպքերում 1 ժամում կարող են դիտվել 1000-ից ավելի ասուպներ: Տարվա ընթացքում դիտվում է շուրջ 20 ինտենսիվ ասուպային հոսք: Ասուպներ կարող են դիտվել ամեն օր, սակայն ասուպային հոսքերի օրերին դրանց թիվը կտրուկ ավելանում է:
Պերսեիդների ասուպային հոսքը սկսվում է հուլիսի 23-ին և ավարտվում օգոստոսի 22-ին, իսկ առավելագույն փուլը դիտվում է օգոստոսի 10-13-ին: Ասուպային հոսքի կենտրոնը գտնվում է Պերսեոս համաստեղության ուղղությամբ, որտեղից էլ և ծագում է անվանումը: Առավելագույն փուլի ժամանակ ասուպների թիվը հասնում է ժամում 60-100-ի, և սա տարվա ընթացքում ամենաակտիվ հոսքերից մեկն է:
Պերսեիդները սպիտակ արագընթաց ասուպներ են, որոնք չնայած շատ փոքր չափերին՝ նկատելի հետքեր են թողնում երկնքում:–0–