ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը պատասխանել է այն հարցին, թե «ինչո՞ւ է աշխարհն այսօր լուռ հետևում Արցախում ցեղասպանության սպառնալիքին»

24.04.2022, 13:20
ԱՄՆ դեսպանը պատասխանել է այն հարցին, թե «ինչո՞ւ է աշխարհն այսօր լուռ հետևում Արցախում ցեղասպանության սպառնալիքին»
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը պատասխանել է այն հարցին, թե «ինչո՞ւ է աշխարհն այսօր լուռ հետևում Արցախում ցեղասպանության սպառնալիքին»
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Միացյալ Նահանգները հավատարիմ է աջակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, Հայաստանի գործընկեր և բարեկամ։ Այս մասին կիրակի լրագրողներին ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին՝ պատասխանելով այն հարցին, թե «ինչո՞ւ է միջազգային հանրությունն այսօր լուռ հետևում ադրբեջանա-թուրքական ուժերի կողմից Արցախում ցեղասպանության սպառնալիքին»։

«Վերջին ամիսների ընթացքում պետքարտուղար Էնթոնի Բլինքենը բազմաթիվ հեռախոսազրույցներ է ունեցել երկրների ղեկավարների հետ՝ կոչ անելով իրավիճակի դեէսկալացիայի, ինչպես նաև կոչ է արել կապի մեջ լինել միմյանց հետ և կառուցել խաղաղության գործընթաց», - ասաց նա՝ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելության ժամանակ։

Թրեյսին հիշեցրել է, որ մարտի 25-ին ԱՄՆ-ն հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է ադրբեջանական զորքերի տեղաշարժին և իրավիճակն ապակայունացնելու ջանքերին։

«Մենք կողմերին կոչ ենք անում զերծ մնալ սպառնալիքներից և թշնամական հռետորաբանությունից, ինչը չի օգնում գործընթացին: Կասկած չկա, որ բանակցությունները բարդ են լինելու: Սա բարդ հակամարտություն է, որը ձևավորվել է երկար տարիների ընթացքում»,- ասաց նա:

Դեսպանը նշեց, որ ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, կարևորում է նրա ուղերձը և կոչ է անում բոլոր կողմերին հանդես գալ խաղաղությանը նպաստող նմանատիպ ուղերձներով։

Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել է, որ ԼՂ կարգավիճակը նպատակ չէ, այլ Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունն ու իրավունքներն ապահովելու միջոց։ Նրա խոսքով, Հայաստանի համար սկզբունքային նշանակություն ունեն Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխիքները և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցումը, և որ օրակարգի այս լրացումով Հայաստանը պատրաստ է սկսել խաղաղ բանակցությունները։

Թրեյսին անդրադարձավ նաև Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան՝ նշելով, որ եկել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն հայ զոհերի հիշատակին և իր զորակցությունը հայտնելու հայ ժողովրդին։
Դեսպանը նշեց, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և նրա թիմը հավատարիմ են ամբողջ աշխարհում մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի ապահովմանը։ Սա, ըստ նրա, ենթադրում է նաև նման դեպքերի կրկնության բացառում։

«Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հայտարարությունը մենք համարում ենք շատ ազդեցիկ և կարծում ենք, որ ուրիշները նույնպես կմիանան մեզ այս ճանապարհին: Այս հայտարարությունների կարևորությունը կայանում է նրանում, որ մենք ճանաչում ենք պատմական փաստը, որը տեղի է ունեցել 1915թ.-ին», - նշեց նա:-0-