ՀՀ քաղաքացիների համար Արաբական Միացյալ Էմիրություններ մեկնելիս մուտքի վիզա չի պահանջվի

26.01.2023, 11:57
ՀՀ քաղաքացիների համար Արաբական Միացյալ Էմիրություններ մեկնելիս մուտքի վիզա չի պահանջվի
ՀՀ քաղաքացիների համար Արաբական Միացյալ Էմիրություններ մեկնելիս մուտքի վիզա չի պահանջվի
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ կառավարությունն այսօր նիստի ժամանակ հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև 2009 թվականի հունիսի 21-ի` դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջից ազատելու մասին փոխըմբռնման հուշագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությանը:

 Ինչպես նշվում է հիմնավորման մեջ, ԱՄԷ-ն տարածաշրջանում ՀՀ առաջին առևտրական գործընկերն է, շարունակական աճ է գրանցում երկկողմ առևտրի և էմիրաթական ներդրումների ծավալը Հայաստանում։ Նկատելի զարգացում է ապրում զբոսաշրջությունը, էականորեն մեծացել է ՀՀ-ԱՄԷ ուղիղ չվերթների թիվը։ Երկուսուկես տասնամյակի ընթացքում տեղի են ունեցել մի շարք բարձրաստիճան փոխայցելություններ, քաղաքական խորհրդակցություններ, գործարար հանդիպումներ, 2019թ․՝ հայ-էմիրաթական միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստը։ Երկու երկրները արդյունավետ համագործակցում են միջազգային կազմակերպություններում։

Դեռևս 2017 թվականին մեկնարկել էր Էմիրությունների հետ մուտքի արտոնագրի ազատականցման գործընթացը: Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2017թ. հունվարի 19-ի որոշմամբ համաձայնություն էր տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև քաղաքացիների մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին» Համաձայնագրի կնքման առաջարկությանը, որից հետո սակայն գործընթացը կանգ էր առել:

Այժմ գործընթացը վերսկսվել է և «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջից ազատելու մասին 2009 թվականի հունիսի 21-ին ստորագրված փոխըմբռնման հուշագրում լրացումներ կատարելու մասին» Արձանագրության ստորագրման արդյունքում կապահովվի ՀՀ քաղաքացիների ազատ մուտքը ԱՄԷ՝ խթանելով առաջին հերթին զբոսաշրջիկների հոսքերի ավելացմանը։ Մուտքի արտոնագրի պահանջից ազատումը ամուր հիմք կստեղծի գործարար և տնտեսական կապերի աշխուժացման համար, ինչն իր հերթին կնպաստի ներդրումային և տնտեսական համագործակցության ընդլայմանը։

Նշյալ հուշագրում լրացումներ կատարելու մասին արձանագրության ստորագրումը զարկ կտա միջմարդկային շփումներին ու միջմշակութային կապերին՝ նպաստելով երկու ժողովուրդների միջև մշակութային երկխոսությանը։–0–