ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԳՆ նշել է, թե որ զբոսաշրջիկներին է խորհուրդ տրվում ժամանակից շուտ վերադառնալ Եգիպտոսից։
Նախօրեին Եգիպտոսում ՀՀ դեսպանատունը հաղորդագրություն էր տարածել` նշելով, որ հուլիսի 29-ին նախատեսված Հուրգադա-Երևան Orange2fly թիվ OTF 3701 չվերթը կիրականացվի Եգիպտոսի ժամով 03․00։ Դիվանագիտական առաքելությունը նաև հորդորել էր այն ուղևորներին, ում թռիչքը նախատեսված է օգոստոսի 1-ին և 5-ին, ընդհատել հանգիստը և մեկնել Հայաստան վերոհիշյալ չվևրթով։
ՀՀ ԱԳՆ–ն իր հերթին պարզաբանում է, որ սույն հայտարարությունը վերաբերում է միայն A&R տուր օպերատորի ուղևորներին։
«Բոլոր այլ զբոսաշրջիկներին հորդորում ենք շարունակել պլանավորած հանգիստը», – նշել են ԱԳՆ–ից:
Նախօրեին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ Հուրգադա–Երևան ավիաչվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում մնացած ՀՀ քաղաքացիները վերադառնում են Հայաստան կառավարության կողմից ֆինանսավորած չարթերային չվերթով։ Ավինյանը նաև ավելացրել է, որ նախատեսվում է ևս մեկ թռիչք իրականացնել հուլիսի 29-ի առավոտյան:
Եգիպտոսում Հայաստանի հյուպատոս Ռաֆայել Մովսիսյանն իր հերթին «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակցին հայտնել է, որ A&R հայկական տուրօպերատորը չի կատարել իր ֆինանսական պարտավորությունները ավիափոխադրողի նկատմամբ, ինչի կապակցությամբ Հուրգադա–Երևան չվերթը չեղյալ է հայտարարվել։–0–