ԵՐԵՎԱՆ, 6 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Եգիպտոսի վարչապետ Մոստաֆա Մադբուլին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում շնորհակալություն է հայտնել հայկական կողմին` Երևանի հրապարակներից մեկը Եգիպտոսի անունով անվանակոչելու համար և հավելել, որ եգիպտական կողմը մայրաքաղաքի հրապարակներից մեկը կանվանակոչի Հայաստանի անունով:
Ինչպես նշվում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ, Եգիպտոսի վարչապետը շեշտել է երկու երկրների միջև առկա բազմադարյա խորը պատմական հարաբերությունների փաստը և հավելել, որ Եգիպտոսի հայ համայնքը համախմբված կերպով ապրում է եգիպտական հասարակության մեջ՝ առանց որևէ խնդրի:
Ի դեպ նշենք, որ Եգիպտոսի առաջին վարչապետը եղել է հայազգի Նուբար Նուբարյանը (Նուբար Փաշան)։ Նա ծնվել է 1825թ․–ին Իզմիրում։ Նուբարյանը իր բացառիկ կարողությունների շնորհիվ լայնամասշտաբ աշխատանք է տարել եգիպտահայերի կրթական և սոցիալական խնդիրների լուծման ոլորտներում։
Նա երեք անգամ զբաղեցրել է Եգիպտոսի վարչապետի պաշտոնը: Նուբար Փաշայի անունով են կոչվել երկու փողոց, մեկը` Կահիրեում, մյուսը` Ալեքսանդրիայում:
Նրա անունով է նաև կոչվել Երևան քաղաքի Նուբարաշեն թաղամասը:
Նշենք նաև, որ 2023 թվականի ապրիլին Երևանի քաղաքապետարանի որոշմամբ Երևանում հայտնվել է Եգիպտոսի հրապարակ (գտնվում է Աջափնյակ համայնքում՝ Չաուշ, Շիրազ և Մազմանյան փողոցների միջև)։–0–