Բուքմեյքերական գրասենյակների աշխատակիցները փակել են Բաղրամյան պողոտան. բողոքում են ԱԺ օրակարգ մտած նախագծի դեմ (ՎԻԴԵՈ)
12:37
29 Մայիսի 2019
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի./Նովոստի––Արմենիա/. Բուքմեյքերական գրասենյակի աշխատակիցները փակել են Բաղրամյան պողոտան։ Նրանք բողոքում են ԱԺ օրակարգ մտած «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի դեմ։
«Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի հեղինակն ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն է։ Նախագծով առաջարկվում է Երևան քաղաքից հեռացնել բոլոր բուքմեյքերական գրասենյակները։ Նախագիծն ընդունելու պարագայում այն ուժի մեջ կմտնի 2020 թ․-ի նոյեմբերից:
Ակցիայի մասնակիցները նշում են, որ օրենսդրական կարգավորումների հետևանքով մի շարք քաղաքացիներ կմնան առանց աշխատանք։ Նրանց խոսքով, բուքմեյքերական գրասենյակները փակելով՝ նպաստում են, որ օնլայն տիրույթում գործող ընկերությունների համար մենաշնորհ հաստատվի: Ցուցարարները ցանկանում են հանդիպել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ։
Ցուցարարներին ԱԺ-ից տեղեկացրին, որ պատրաստ են հանդիպել։ Ցուցարարներից մի քանիսը մտան ԱԺ-ի շենք՝ հանդիպման։–0–