Բայդենը «Ցեղասպանություն» անվանեց Օսմանյան կայսրությունում 1,5մլն հայերի սպանությունը

24.04.2021, 20:50
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը «Ցեղասպանություն» անվանեց Օսմանյան կայսրությունում 1,5մլն հայերի սպանությունը
Բայդենը «Ցեղասպանություն» անվանեց Օսմանյան կայսրությունում 1,5մլն հայերի սպանությունը
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն օգտագործել է «Ցեղասպանություն» եզրույթը` խոսելով 1915թ.–ին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանության մասին։ Հայտարարությունը հրապարակվել է Սպիտակ տան կայքում։

«Ամեն տարի այս օրը մենք հիշում ենք նրանց, ովքեր մահացել են Օսմանյան ժամանակաշրջանում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ժամանակ և կրկին հանձն ենք առնում կանխել նման վայրագության կրկնումը երբևէ: Սկսած 1915 թվականի ապրիլի 24-ին Օսմանյան իշխանությունների կողմից հայ մտավորականների և Կոստանդնուպոլսի համայնքի ղեկավարների ձերբակալությամբ՝ 1,5 մլն հայ է տեղահանվել, կոտորվել կամ մահվան ուղարկվել բնաջնջման արշավի շրջանակում: Մենք հարգում ենք Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը, որպեսզի կատարվածի սարսափները երբեք չմոռացվեն պատմությունից: Եվ մենք հիշում ենք, որ մշտապես զգոն ենք մնալու ատելության կործանարար ազդեցության դեմ պայքարում՝ դրա բոլոր դրսևորումներում», – ասել է ԱՄՆ նախագահն ապրիլի 24–ի ավանդական հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ վերապրածներից շատերը ստիպված են եղել նոր տներ գտնել աշխարհով մեկ, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում:

«Ուժով և ճկունությամբ հայ ժողովուրդը վերապրել և վերակառուցել է իր համայնքը: Տասնամյակներ շարունակ հայ ներգաղթյալները հարստացրել են Միացյալ Նահանգներն անթիվ եղանակներով, սակայն նրանք երբեք չեն մոռացել ողբերգական պատմությունը, որն իրենցից շատերի նախահայրերին բերել է մեր ափերը: Մենք հարգում ենք նրանց պատմությունը: Մենք տեսնում ենք այդ ցավը: Մենք վերահաստատում ենք պատմությունը: Մենք սա անում ենք ոչ թե մեղադրելու համար, այլ որպեսզի կատարվածը երբեք չկրկնվի», – նշվում է Բայդենի հայտարարության մեջ։

«Այսօր մենք սգում ենք այն, ինչ կորցրել ենք, եկեք նայենք ապագային՝ այն աշխարհին, որը ցանկանում ենք կառուցել մեր երեխաների համար: Մի աշխարհ, որն աղտոտված չէ ամենօրյա ֆանատիզմի և անհանդուրժողականության չարիքներով, որտեղ մարդու իրավունքները հարգված են, և որտեղ բոլոր մարդիկ կարող են իրենց կյանքն ապրել արժանապատիվ և անվտանգ: Եկեք վերահաստատենք մեր համընդհանուր վճռականությունը ողջ աշխարհում վայրագությունները կանխելու հարցում: Եվ եկեք ձգտենք ապաքինման և հաշտեցման աշխարհի բոլոր ժողովուրդների համար: 

Ամերիկացի ժողովուրդը ոգեկոչում է բոլոր հայերին, որոնք իրենց կյանքն են կորցրել Ցեղասպանության ժամանակ, որը սկսվել է 106 տարի առաջ այս օրը», – ասել է ԱՄՆ նախագահը։ 

ԱՄՆ նախագահներն ապրիլի 24–ին ավանդաբար դիմում են հայ ժողովրդին` կարեկցանքի և աջակցության խոսքերով։ Սակայն «ցեղասպանության» եզրույթը փոխարինում էին «ջարդ», «մեծ ողբերգություն», «Մեծ Եղեռն» ձևակերպումներով։

Այսպիսով, Բայդենը կատարեց նախընտրական քարոզարշավի ընթացքում տրված խոստումը։ Նա 40 տարվա ընթացքում դարձավ ԱՄՆ առաջին նախագահը, որը 1915թ.–ին տեղի ունեցած հայերի զանգվածային սպանություններն անվանեց Ցեղասպանություն։ Ռոնալդ Ռեյգանը եղել է ԱՄՆ վերջին նախագահը, ով 1981թ.–ին հայերի նկատմամբ կատարված ոճրագործություններն անվանել է «Ցեղասպանություն», սակայն շուտով հետ է կանգնել իր խոսքերից Թուրքիայի ճնշման ներքո։–0–