Բայդեն. այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն ու վերահաստատում ենք մեր երդումը՝ երբեք չմոռանալ

24.04.2023, 22:49
Այսօր մենք կանգ ենք առնում հիշելու Մեծ Եղեռնի` Հայոց ցեղասպանության ժամանակ զոհվածների կյանքը և վերահաստատում ենք մեր երդումը՝ երբեք չմոռանալ, հայտարարել է ԱՄՆ նախագահը
Բայդեն. այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն ու վերահաստատում ենք մեր երդումը՝ երբեք չմոռանալ
ԵՐԵՎԱՆ,24 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ամերիկացի ժողովրդի անունից հարգել է 108 տարի առաջ Օսմանյան կայսրությունում իրականացված ցեղասպանության հետևանքով զոհված հայերի հիշատակը։

«Այսօր մենք կանգ ենք առնում հիշելու Մեծ Եղեռնի` Հայոց ցեղասպանության ժամանակ զոհվածների կյանքը և վերահաստատում ենք մեր երդումը՝ երբեք չմոռանալ: 1915 թվականի ապրիլի 24-ին Օսմանյան կայսրության իշխանությունները ձերբակալեցին Կոստանդնուպոլսի հայ մտավորականությանը և համայնքների ղեկավարներին, ինչը սկիզբ դրեց հայ համայնքի դեմ բռնության համակարգված արշավին։ Հետագա տարիներին մեկուկես միլիոն հայեր տեղահանվեցին, սպանվեցին կամ լքվեցին մահվան, ողբերգություն, որը մեկընդմիշտ ազդեց հայ ընտանիքների սերունդների վրա»,-ասված է ԱՄՆ նախագահի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Սպիտակ տան կայքում։

Ինչպես նշել է Բայդենը, երբ հիշում ենք այս ցավալի պատմությունն աշխարհի ժողովուրդների հետ միասին, «մենք նաև խորհում ենք հայ ժողովրդի տոկունության և վճռականության մասին»։

«Փրկվածներից շատերը ստիպված էին նոր կյանք սկսել նոր երկրներում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում: Այստեղ և ամբողջ աշխարհում հայ ժողովուրդը հույսով արձագանքեց ատելության չարիքին։ Նրանք վերակառուցեցին իրենց համայնքները: Նրանք փայփայեցին իրենց ընտանիքները և պահպանեցին իրենց մշակույթը։ Նրանք հզորացրեցին մեր ազգը։ Նրանք նաև պատմեցին իրենց պատմությունները, և իրենց նախնիների պատմությունները, որպեսզի հիշեն և երաշխավորեն, որ 108 տարի առաջ տեղի ունեցած ցեղասպանությունը երբեք չի կրկնվի»,- ասվում է ԱՄՆ նախագահի հայտարարության մեջ:

Միացյալ Նահանգների նախագահը կոչ արեց վերսկսել այս խոստումը։

«Եկեք կրկին պարտավորվենք բարձրաձայնել ատելության դեմ, պաշտպանել մարդու իրավունքները և կանխել վայրագությունները: Եվ եկեք միասին կրկնապատկենք մեր ջանքերը՝ ավելի լավ ապագա ստեղծելու համար, որտեղ բոլոր մարդիկ կարող են ապրել արժանապատվորեն, ապահով և հարգանքով», - ասվում է Բայդենի ուղերձում։-0-