ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարարությունը բանակցություններ է վարում կորոնավիրուսի պատվաստանյութի արտադրությամբ զբաղվող չորս խոշոր արտադրողների հետ, տեղեկացրեց Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը։
«Արեն կան պատվաստանյութը ստանալու առաջարկներ, հաջորդ փուլում կորոշվեն մատակարարման ժամկետները», – ասաց նա այսօր ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքով, զուգահեռաբար ինտենսիվ բանակցություններ են ընթանում «Սպուտնիկ V» ռուսական, Pfizer&BioNTech գերմանական, Moderna ամերիկյան և AstraZeneca անգլիական պատվաստանյութերի արտադրողների հետ։
Սահակյանը հիշեցրեց, որ Հայաստանը վերջերս Ռուսաստանից որպես օգնություն ստացել է «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութի սահմանափակ քանակ։
«Այս չորս պատվաստանյութերի հարցում հստակ կան փորձարկումների և կլինիկական հետազոտությունների արդյունքներ։ Մեզ համար հիմնական և կարևորագույն գործոնը պատվաստանյութի անվտանգությունն ու արդյունավետություն է», – ընդգծեց Սահակյանը։
Կենտրոնի տնօրենի տեղակալը տեղեկացրեց, որ Հայաստանն ունի գործող համաձայնագիր COVAX Facility նախաձեռնության հետ, որի շրջանակում ձեռք կբերվեն պատվաստանյութեր հանրապետության բնակիչների 10%–ի համար, խոսքը ռիսկի խմբի ներկայացուցիչների մասին է։
«Դժվար է ասել, թե այս 4 պատվաստանյութերից որը կմատակարարվի ավելի շուտ, հարցը լոգիստիկայի մեջ է։ Մինչև հունվարի վերջ փետրվարի առաջին կեսը մենք արդեն կունենանք պատվաստանյութն ու կսկսվի ռիսկի խմբի պատվաստումը», – ավելացրեց նա։
Նշենք, որ հունվարի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 162643 դեպք, որոնցից 150602-ն` առողջացած, 2941-ը` մահվան ելքով։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում