414.92
4.22
387.63
+14
Եղանակը Երևանում
Հայ

4 գյուղերը պատկանել են Խորհրդային Ադրբեջանին․ Արդարադատության նախարարությունը՝ սահմանազատման իրավական հիմքերի մասին

19:59
29 Ապրիլի 2024

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների և Տավուշի մարզում իրականացվող գործընթացի վերաբերյալ վերջին օրերին մի շարք կեղծ և հասարակությանը մոլորեցնող թեզեր են հնչում, որոնցից ամենատարածվածներին Արդարադատության նախարարությունն անդրադառնում է ստորև իրավական տեսանկյունից․

Թեզ 1. Իշխանության կողմից ՀՀ տարածքի փոփոխություն է իրականացվում։ «Տավուշի մարզից տարածքներ են հանձնվում Ադրբեջանին», խախտվում է ՀՀ տարածքային ամբողջականությունը, որը քրեորեն պատժելի արարք է։ Պետական սահմանի փոփոխություն կարող է իրականացվել միայն հանրաքվեով։

Պատասխան - Հանձնաժողովների միջև ստորագրված Արձանագրությամբ և իրականացվող գործընթացով որևէ պարագայում խոսք անգամ չի կարող գնալ ՀՀ ինքնիշխան տարածքի որևէ մաս այլ պետությանը հանձնելու մասին: Հայաստանի Հանրապետության տարածքի որևէ փոփոխություն միայն հանրաքվեի միջոցով իրականացնելու պարտադիր պահանջի վերաբերյալ կարող ենք նշել, որ այո՝ Սահմանադրության 205-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեների միջոցով: Կարևոր է, սակայն, ընդգծել, որ ՀՀ դե յուրե տարածքը ձևավորվել է ԽՍՀՄ փլուզումից հետո՝ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրով և Մինսկի համաձայնագրի ամրագրված սկզբունքների հիման վրա: Իրականացվող գործընթացը ոչ թե տարածքի փոփոխության, այլ պետական սահմանի վերարտադրությանը և տեղորոշմանն է առնչվում, իսկ «Պետական սահմանի» մասին օրենքի 1-ին հոդվածի 2-րդ պարբերության համաձայն՝ Պետական սահմանը որոշվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և Հայաստանի Հանրապետության օրենքով, որտեղ խոսք չկա Պետական սահմանը հանրաքվեի միջոցով որոշելու մասին և տվյալ դեպքում որպես ՀՀ պետական սահմանի որոշման հիմք հանդիսացող միջազգային պայմանագրեր են հանդիսանում 1991թ․ Ալմա-Աթայի հռչակագիրը և Մինսկի համաձայնագիրը։ Սահմանազատման գործընթացը իրականացվում է Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված քարտեզների և փաստաթղթերի հիման վրա և այդ քարտեզների համաձայն Խորհդային Հայաստանին, և հետևաբար, Հայաստանի Հանրապետությանը պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել։

Թեզ 2. Այն 4 գյուղերը, որի տարածքում իրականացվում է սահմանազատում, պատկանում են ՀՀ-ին, քանի դեռ սահմանազատման գործընթացում հակառակը չի ապացուցվել։

Պատասխան - ԽՍՀՄ գոյության ժամանակահատվածում առկա իրավական ուժ ունեցող քարտեզներով, այդ թվում՝ սահմանազատման գործընթացում հանձնաժողովների համաձայնեցրած քարտեզներով քննարկվող 4 գյուղերը պատկանել են Խորհրդային Ադրբեջանին։ Բացի այդ, ՀՀ տարածքում առկա վարչատարածքային միավորների՝ մարզերի ու համայնքների, այդ թվում՝ ՀՀ Տավուշի մարզում ընդգրված համայնքների տարածքները և բնակավայրերի ցանկը սահմանված են 07.11.1995թ. ընդունված «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում, որտեղ խնդրո առարկա 4 գյուղերը ներառված չեն:

Հետևաբար նշված գյուղերի՝ ՀՀ-ին պատկանելության իրավական հիմքերի առկայության մասին խոսք լինել չի կարող։

Թեզ 3. Խախտվում են «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի պահանջները, Տարածքի փոփոխության վերաբերյալ համաձայնության հնարավոր է հասնել միայն միջազգային պայմանագրերի միջոցով, ՀՀ պետական սահմանը սահմանազատվում է առանց համապատասխան միջազգային պայմանագրի կնքման և ԱԺ կողմից վավերացման, իսկ Սահմանազատման ՀՀ հանձնաժողովը իրավունք չունի ՀՀ սահմանի փոփոխության հարց որոշել

Պատասխան - ՀՀ տարածքի կամ սահմանի փոփոխության գործընթաց չի իրականացվում: Ներկայումս իրականցվող գործընթացը պետական սահմանի վերարտադրության և տեղորոշման գործընթաց է արդեն իսկ ընդունված համապատասխան միջազգային պայմանագրերի՝ 1991թ․ Ալմա-Աթայի հռչակագրի և Մինսկի համաձայնագրի և դրանցով որոշված ու միջազգայնորեն ճանաչված ՀՀ պետական սահմանի հիման վրա։

Հանձնաժողովների միջև ձեռք բերված համաձայնությունը վերաբերում է մինչև մայիսի 15-ը սահմանագծի որոշակի հատվածի համաձայնեցմանը, ինչպես նաև այդ տարածքում սահմանապահ զորքերի միաժամանակյա տեղակայման նպատակով Կառավարությանը դիմելուն՝ հաշվի առնելով Հայաստանի սահմանազատման հանձնաժողովի՝ սահմանային անվտանգության հարցերով զբաղվելու մանդատը:

Հարկ է նկատել նաև, որ Հանձնաժողովների հանդիպման արդյունքներով տարածված հաղորդագրությամբ մատնանշված է, որ 4 գյուղերի հատվածում սահմանազատումը նախնական է՝ մինչև սահմանազատման գործընթացի ամբողջական ավարտը: Իսկ սահմանազատման գործընթացի ամբողջական ավարտը հաստատող փաստաթուղթ պետք է արդեն հանդիսանա Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվող Պետական սահմանի մասին միջազգային պայմանագիրը, որը վավերացման ենթակա կլինի ՀՀ Ազգային ժողովի կողմից:

Հետևաբար իրականացվող գործընթացը ամբողջությամբ իրավաչափ է և ներկայումս առկա չէ միջազգային պայմանագրի կնքման և վավերացման պարտադիր պահանջ:

Թեզ 4. Առանց  քարտեզի վրա սահմանազատում իրականացնելու, ներկայումս իրականացվում է դեմարկացիա տեղանքում՝ սահմանային սյուներ տեղադրելու միջոցով, ինչը Հայաստանի ու Ադրբեջանի հանձնաժողովների միջև ապրիլի 19-ին ձեռք բերված պայմանավորվածության խախտում է

Պատասխան - Սյուների տեղադրումը իրականացվում է կողմերի համաձայնեցրած քարտեզների հիման վրա՝ ՀՀ սահմանազատման հանձնաժողովին կից աշխատանքային խմբի կողմից, որը ձևավորվել է հենց նկարագրության նախագծի կազմման նպատակով, և այն հատվածներում, որտեղ տեղադրվում են սյուներ, առկա չէ որևէ տարաձայնություն երկու երկրների աշխատանքային խմբերի միջև: Տեղադրվող սյուները ծառայելու են որպես կողմնորոշիչ՝ Արձանագրություն-նկարագրությունը կազմելու և հանձնաժողովների հաստատմանը առաջիկայում ներկայացնելու համար: Սյուների տեղադրման գործընթացը որևէ կերպ չի հակադրվում հետագայում՝ միչև մայիսի 15-ը Արձանագրություն-նկարագրությունը հանձնաժողովների կողմից հաստատելուն:

Թեզ 5. Սահմանազատման ՀՀ հանձնաժողովը խորհրդակցական մարմին է, նրա գործունեության վերաբերյալ որևէ փաստաթուղթ առկա չէ և հանձնաժողովն իրավունք չունի որևէ որոշում կայացնելու

Պատաստխան - Հարկ է նկատել, որ ՀՀ և ԱՀ միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովը ձևավորվել է ՀՀ Վարչապետի 23.05.2022թ. N 570-Ա որոշմամբ, իսկ հետագայում՝ արդեն Կառավարության 14.12.2023թ. թիվ 2154-Ա  որոշմամբ հաստատվել է երկու երկրների հանձնաժողովների միջև նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման և անցկացման աշխատակարգը: Միաժամանակ, համաձայն հանձնաժողովների միջև ձեռք բերված պայմանավորվածության՝ սահմանազատման գործընթացում իրենք առաջնորդվելու են Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով և սահմանագծի առանձին հատվածների համաձայնեցումը ենթադրելու է Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցմանն ուղղված գործընթաց, այսինքն՝ հանձնաժողովների գործունեությունը հիմնված է արդեն իսկ երկու երկրների կողմից ընդունված և պատշաճ ներպետական ընթացակարգեր անցած միջազգային պայմանագրերի վրա:

Նշված երկու որոշումների բովանդակությունից և անգամ ՀՀ հանձնաժողովի անվանումից ուղղակիորեն բխում է՝ հանձնաժողովի՝ ՀՀ Կառավարության և Վարչապետի կողմից ստացած մանդատը երկու երկրների պետական սահմանի սահմանազատման և ՀՀ սահմանային անվտանգության հարցերով նիստեր, հանդիպումներ անկացնելու և այդ հանդիպումների արդյունքներով պայմանավորվածություններ ձեռք բերելու: Ընդ որում՝ աշխատակարգի 2.1-ին և 2.2-րդ կետերի համաձայն՝ նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների արդյունքներով կազմվում է գրավոր արձանագրություն, որը ստորագրվում է երկու Հանձնաժողովների նախագահների կողմից:

ԱՆ–ից ընդգծել են, որ վերոհիշյալ աշխատակարգով սահմանված կարգի պահպանմամբ Հանձնաժողովների միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն` մինչև մայիսի 15-ը սահմանագծի որոշակի հատվածի նախնական համաձայնեցման, ինչպես նաև այդ տարածքում սահմանապահ զորքերի միաժամանակյա տեղակայման նպատակով Կառավարությանը դիմելու վերաբերյալ:

Բողոքի ակցիաների մասին

Ապրիլի 20-ին Տավուշի մարզում Ադրբեջանին տարածքներ հանձնելու դեմ բողոքի ցույցեր են սկսվել, որոնք տարածվել են նաև այլ մարզերում և Երևանում։ Դրանց մասնակիցները պարբերաբար փակում են մայրուղիներ և բողոքի պաստառներ կախում կամուրջներին ու ճանապարհներին։ Ոստիկանությունը պարբերաբար ուժ է կիրառում և բերման է ենթարկում ցուցարարներին։

Փորձագիտական հանրությունը և ընդդիմությունը հայտարարում են Հայաստանի իշխանությունների կողմից իրականացվող պետական սահմանի սահմանազատման գործընթացի բացասական հետևանքների մասին՝ այն որակելով որպես միակողմանի զիջումներ։ Կառավարության պաշտոնյաները, ընդհակառակը, ձեռքբերում են համարում այն, որ Ադրբեջանը ճանաչեց Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանազատման հիմք, և ասում են, որ այս գործընթացի արդյունքը պետք է լինի խաղաղության պայմանագիրը Երևանի և Բաքվի միջև:

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
02 Մայիսի 2024
Ասել է, որ ինքը «գողական կյանքով ապրող է», պարտքը պետք է տան իրեն․ Գեղարքունիքի բնակչին մեղադրանք է ներկայացվել
Գեղարքունիքի բնակիչը զանգել է 49-ամյա տղամարդուն և նրա կնոջը՝ ասելով, որ ինքը «գողական կյանքով ապրող» անձ է ու պարտքը պետք է տան իրեն
15:33
02 Մայիսի 2024
Հայաստանում Ոստիկանության գվարդիա է ստեղծվում․ կառավարությունը հավանություն տվեց նախագծին
Կլինի լիովին նոր ձևաչափով Ոստիկանության գվարդիայի հրամանատարի պաշտոն
15:00
02 Մայիսի 2024
Ոստիկանությունը ուժային կառույց է , ինչը նշանակում է, որ ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Ոոստիկանությունը ուժային կառույց է , ինչը նշանակում է, որ ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա, բայց պետք է լինեն շատ հստակ ստանդարտներ
14:19
02 Մայիսի 2024
Փաշինյանը պարզաբանում է, թե որն է անվտանգության զգացողությունը կիրանցիների համար
Փաշինյանը մեկնաբանել է թեզն այն մասին, որ Կիրանցում կառուցվող դպրոցն Ադրբեջանի սահմանից լինելու է դիտարկվող, ինչը նշանակում է, որ այն չի կարող լինել անվտանգ
13:54
02 Մայիսի 2024
Կալանավորվել է ընդդիմադիր պատգամավորի օգնականը․ նրան մեղադրանք է առաջադրվել
Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունն առերևույթ բռնության գործադրմամբ խոչընդոտելու մեղադրանքով պատգամավորի օգնականը կալանավորվել է
13:44
02 Մայիսի 2024
Ոստիկանությունը հերքում է Կիրանցում բերման ենթարկվածների նկատմամբ բռնություն կիրառելու մասին տեղեկությունները․ընդդիմությունն այլ բան է հայտարարում
)։ «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հայտնել է, որ կիրանցիների նկատմամբ բռնություն է իրականացվել
12:37
02 Մայիսի 2024
Գործ ունենք մի իշխանության հետ, որը, սեփական ժողովրդին ահաբեկելով, փորձում է կյանքի կոչել իր հակապետական ծրագիրը․ Արծվիկ Մինասյան
Մինայանը հայտարարել է, որ կիրանցիներին ծեծելով և ջարդելով տեղափոխել են ոստիկանական բաժանմունքներ
12:01
02 Մայիսի 2024
Աստվածաշունչն ասում է՝ «ամեն իշխանությունն Աստծուց է»․ Փաշինյանն՝ իշխանության հեռանալու եկեղեցու պահանջի մասին
Աստվածաշունչն ասում է՝ «ամեն իշխանությունն Աստծուց է»․ Փաշինյանն՝ իշխանության հեռանալու եկեղեցու պահանջի մասին
11:11
02 Մայիսի 2024
Կիրանցում բերման ենթարկված 30 անձինք ազատ են արձակվել
Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելուց հետո բոլորն ազատ են արձակվել
10:39
02 Մայիսի 2024
Հայ–ադրբեջանական սահմանի սահմանազատված հատվածներում ՊՆ դիրքեր չեն լինելու, ծառայություն են իրականացնելու են ԱԱԾ սահմանապահ զորքերը․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ հայ–ադրբեջանական սահմանի սահմանազատված հատվածում սահմանի վրա  Պաշտպանության նախարարության դիրքեր չի ունենա
10:23
02 Մայիսի 2024
Կիրանցում լարված իրավիճակ է․ կան ավելի քան 30 բերման ենթարկվածներ
Կիրանց գյուղում վաղ առավոտից լարված իրավիճակ է ստեղծվել, մեծ թվով ոստիկաններ են բերվել
09:10
02 Մայիսի 2024
ՊՆ-ն Կիրանցում ականազերծում է կատարում. ոստիկանությունն ուժեղացված ծառայության է անցել
ՊՆ-ն Կիրանցում ականազերծում է կատարում. ոստիկանությունն ուժեղացված ծառայության է անցել