«Ոճիր և պատիժ» հայկական ձևով. ինչի՞ համար են ակտիվիստները հարձակվել բլոգեր Մալյանի վրա

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Անցած գիշեր հարձակվել են հայտնի բլոգեր, ՀՀ ոստիկանապետի նախկին խորհդական Նարեկ Մալյանի վրա:
Ինչպես հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը, դեպքը տեղի է ունեցել մարտի 4-ի կեսգիշերից հետո Երևան քաղաքի Ամիրյան փողոցի 18 հասցեում:
«Տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողները կանխել և բերման են ենթարկել միջադեպի 6 մասնակցի և հրավիրել մեկ քաղաքացու: Բերման ենթարկված անձինք բաց են թողնվել: Նախապատրաստվում են նյութեր», - նշվում է տարածած հաղորդագրությունում:
Միջադեպի նախապատմությունը
Փետրվարի 28-ին ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում, որի ժամանակ քննարկվել է բուհի ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականի հարցը, սկանդալէ գրանցվել:
Նիստին մասնակցել է հայտնի բլոգեր, ՀՀ ոստիկանապետի նախկին խորհրդական Նարեկ Մալյանը, որը Սիմոնյանին աջակցող շարժման նախաձեռնողն է։
Մալյանը մետաղադրամներ է շպրտել Խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանի սեղանին` մեղադրելով նրան «Սիմոնյանին դավաճանելու մեջ»։
Մալյանը` միջադեպի մասին
Մալյանը Facebook-ի իր էջում հայտնել է, որ «8-10 հոգի` ակտիվիստ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ հարձակում են գործել, պլյուս 4 հոգի պրոֆեսիոնալ տեսախցիկով նկարահանում էին։ Հարձակումը կազմակերպված էր ամենայն մանրամասնությամբ։ Հետևից հարձակվելուց հետո ինձ գետնին տապալեցին և քաշքշելով 5-6 հոգով բռնել էին ձեռքերս և փորձում էին ինձ ինչ որ տեղ տանել, բայց դա այնքան երկար տևեց, որ միջամտեցին պարեկային ոստիկանները և ինձ ազատեցին ապուշներից», - գրել է նա` նշելով, որ այդ ամենը տեղի է ունեցել ԱԱԾ քաղաքային վարչության դիմաց:
«Ոստիկանությունը թվարկածս հանցակազմը թողած, ինձ համոզում էր ծեծի մասին հաղորդում ներկայացնել, ինչը չարեցի այն պարզ պատճառով, որ ծեծ չի եղել», - գրել է նա։
Պետրոսյան. «Աղբի տեղը աղբամանում է»
Ուղիղ եթերի ժամանակ ակտիվիստ Պետրոսյանը խոստովանել է, որ նրանք հարձակվել են Մալյանի վրա` նրա տան մոտ և նկարահանել են դա: Պետրոսյանը հայտարարել է, որ նրանք գործում են հեղափոխության տրամաբանության շրջանակում, քանի որ բազմաթիվ մարդիկ կան, ովքեր պատրաստ չեն փոփոխությունների:
«Նարեկ Մալյանն արել է ամեն հնարավորը, որպեսզի սադրանքի ենթարկվենք Երևանի պետական համալսարանում, սակայն նրան դա չի հաջողվել: Հեղափոխությունը տեղի է ունեցել առաջին հերթին արժանապատվության համար, և մենք պահպանել ենք այդ արժանապատվությունը: Եվ քանի որ աղբահանությունը Երևանի հիմնական խնդիրներից մեկն է, իսկ Մալյանի տեղն աղբամանում է, ապա մենք այսօր վերցրեցինք նրան իր տան մոտից, դա ծանր աղբ էր և քաշելով տարանք փողոցով», - նշել է նա:
Փաշինյանի արձագանքը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է այս միջադեպին և կատարել կարճ գրառում Facebook–յան իր էջում։
Նա մասնավորապես նշել է. «Հայաստանում բռնությամբ հարցեր լուծելու որեւէ փորձ պետք է արժանանա կոշտ իրավական հակազդեցության: Բոլոր նրանք ովքեր Նոր Հայաստանում գործում են բռնության, ստի, կեղծիքի տարածման տրամաբանությամբ՝ գործում են ընդդեմ Հայաստանի, ընդդեմ ժողովրդավարության, ընդդեմ ժողովրդի»:–0–