ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Սեպտեմբերի 26-ին կառավարությունը Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան է հրավիրելու, իսկ քննարկվող հիմնական հարցերից մեկը լինելու է կառավարությունում կառուցվածքային փոփոխություն անելու մասին նախագիծը, գրում է «Հայկական ժամանակը»։
Թերթի հաղորդմամբ, դրանով նախատեսվում է գործադիրի կազմում կատարել մի շարք ձևափոխումներ` գերատեսչությունների միավորումներ, բաժանումներ, օպտիմալացում և այլն:
«Կառավարության կառուցվածքին վերաբերող կարևորագույն հարցը, որ հիմա քննարկվում է կառավարությունում, վերաբերում է ՀՀ պետեկամուտների կոմիտեին, որը, ըստ ամենայնի, կբաժանվի հարկային և մաքսային ծառայությունների: Խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանը չի ցանկանում «կորցնել» ներկայիս ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանին, իսկ Կարեն Կարապետյանը ցանկանում է իր կադրերին նշանակել այդ ոլորտում», – նշում են հոդվածի հեղինակները։
Թերթը գրում է, որ ՊԵԿ-ի բաժանումը կարող է լինել երկու կողմերին մասնակի բավարարող լուծում: Կա նաև Էկոնոմիկայի նախարարությունը նորից անվանափոխելու վերաբերյալ հարց և նման մի շարք այլ նախագծեր:
«Ի դեպ, հավանականություն կա, որ այդ արտահերթ նստաշրջանի ժամանակ կարող է ներկայացվել նաև համաներման մասին նախագիծը, բայց մեր աղբյուրները հավաստիացնում են, որ այն տեղի կունենա ավելի ուշ՝ մինչև տարեվերջ»,- գրում է թերթը։–0–